Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղու կառուցման հետ կապված բնապահպանական, քաղաքաշինական, էներգետիկ, երկրաբանական եւ այլ խնդիրների շրջանակներում տեղանքը ուսումնասիրելու եւ առավել արդյունավետ ծրագիր ընտրելու նպատակով Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:

Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը NEWS.am-ին հայտնում է, որ հանձնաժողովում ընդգրկվել են տարբեր շահագրգիռ գերատեսչությունների, այդ թվում`  ՀՀ տրանսպորտի եւ կապի, տարածքային կառավարման, քաղաքաշինության, էներգետիկայի եւ բնական  պաշարների նախարարությունների, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, «Տրանսնախագիծ» ինստիտուտի, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչներ:

Մինչեւ այս տարվա դեկտեմբերի 1-ը հանձնաժողովը պետք  է ավարտի ուսումնասիրման աշխատանքները եւ արդյունքների մասին համապատասխան եզրակացություն ներկայացնի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին:

Հանձնաժողովի աշխատանքներին, ըստ անհրաժեշտության, մասնակից կդառնան նաեւ համապատասխան համայնքների ղեկավարները: