Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով առաջիկա նիստին` դեկտեմբերի 20-ին, ցուցմունք կտա «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ- գինեկոլոգ, ծննդօգնության գծով տնօրեն Անդրանիկ Պողոսյանը:
2015թ. հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանին «Շենգավիթ» ԲԿ-ից տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, կեսարյան հատման որոշումը կայացրել է Անդրանիկ Պողոսյանը` խորհրդակցելով պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ Էդիտա Ղարիբյանի եւ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանի հետ: Ղարիբյանն արդեն դատարանում ցուցմունք է տվել, իսկ Արմեն Մուրադյանը վկաների ցանկում չկա, սակայն նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել:
Անդրանիկ Պողոսյանից հետո դատարանում ցուցմունք կտան երեք փորձագետներ:
Նշենք, որ ծննդկանի եւ նորածին դստեր մահվան գործով երկու մեղադրյալ կա՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի, Մերի Մարգարյանի հղիությունը վարած Շուշանիկ Բախշյանը եւ հուլիսի 25-ի հերթապահ բժշկուհի Անի Բաբելյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:



























