9-ամյա վաղեմության վերքը Կարինեի դեմքին սպիացրել է կյանքի ամենադաժան տարիները:
Կարինեն 1-ին կուրսի ուսանողուհի էր, երբ հայրը մահացավ: Իրեն ու հիվանդ մորը պահելու համար նա սկսեց աշխատել, ավելի ուշ ստիպված եղավ թողնել ուսումը` մորը պահելու համար: 19 տարեկանում Կարինեն երեւանյան ռեստորաններից մեկում աման էր լվանում, մեկ տարի անց նույն ռեստորանում մատուցող էր: 20-ամյա աղջկան հաջողվում էր այնքան գումար վաստակել, որ բավականացնի մոր դեղերի, առօրյա ծախսերի համար: Երբ թվում էր՝ հաղթահարել են ամենադժվարը, 21 տարեկանում Կարինեից կյանքը խլեց միակ հարազատին՝ մորը: Հենց այդ ժամանակ էլ Կարինեն հանդիպեց նրան (անունը չի ասում): Պաշտպանված եւ սիրված լինելու ակնկալիքով 21-ամյա աղջիկը թողեց ամեն ինչ եւ գնաց Մոսկվա իրենից 25 տարի մեծ տղամարդու հետ:
Կարինեի բոլոր սպասելիքները փշրվեցին Մոսկվա հասնելուն պես: Սկզբում զգաց ամուսնու ձեռքերի ծանրությունը դեմքին, մի քանի օր անց՝ ոտքերի հարվածները մարմնին:
«Արդեն հասկացել էի` ում հետ եմ Մոսկվա հասել, ինչերի է ընդունակ եւ որոշել էի զանգել մեր դեսպանատուն, խնդրել, որ օգնեն ինձ: Ես առաջին անգամ էի Մոսկվայում, չգիտեի քաղաքը եւ հասկանում էի, որ չեմ կարողանա Հայաստան վերադառնալու հարցը մենակ գլուխ հանել: Բնականաբար, ինձ մոտ չէր թողել ոչ հեռախոս, ոչ գումար, ոչ էլ անձնագիր…»,- պատմում է Կարինեն:
Շուրջ մեկ ամիս Կարինեն ֆիզիկական, սեռական բռնության է ենթարկվում: Փրկվելու միակ միջոցը հյուծված եւ հուսահատված աղջկա համար դառնում է ինքնասպանությունը, որին գնալու համար երկար ժամանակ բավական ուժ չի գտնում իր մեջ:
«Ես անգամ պատրաստել էի պարանը, որին մենակ եղած ժամանակ նստում եւ ժամերով նայում էի, մտածում էի, խոսում էի այդ պարանի հետ, ասում էի` դու ես, որ պետք է փրկես ինձ, ազատես ինձ այս դժոխքից, բայց վախենում էի այդ քայլին գնալ»,-արտասվում է Կարինեն, մի քիչ լռելուց հետո շարունակում. «Ուշ գիշեր էր, այդ օրն առավոտյան էլի ոտքերով հարվածել էր ինձ ու դուրս եկել տնից: Ինձ շատ վատ էի զգում, դժվարությամբ էի կարողանում շարժվել: Մահճակալին նստած լարված սպասում էի, վախենում էի, որ գալու է տուն ու նորից ծեծի ինձ… չէի կարողանում քնել: Գիշերը ժամը մեկն էր, դուռը բացվեց, ներս մտավ` հարբած էր, հազիվ էր կարողանում կանգնել: Այդ օրը նա դուռը բացեց եւ բանալին մոռացավ: Սպասեցի, որ քնի, հետո մոտից վերցրի անձնագիրս, գրպանից գումար հանեցի ու վազեցի դուրս: 16 ժամ փողոցներում ու օդանավակայանում չարչարվելուց հետո վրացի վարորդի օգնությամբ տոմս գնեցի, հասա օդանավակայան, հետո` Երեւան…Հուլիսի 23-ն էր, իմ վերածնվելու օրը»,- ժպտում է նա:
Կարինեն երկու շաբաթ անց տեղեկանում է` մեծ քանակությամբ թմրանյութ օգտագործելու հետեւանքով Մոսկվայի գիշերային ակումբներից մեկում նա մահացել է. «Այդպես էլ չկարողացա պատժել նրան, արդեն դիմել էի մեր իրավապահներին, բայց կյանքը պատժեց նրան»:
Կարինեն այժմ դաստիարակչուհի է մանկապարտեզներից մեկում: Պատահածից հետո այնքան ուժ է գտել իր մեջ, որ իր խորհուրդներով օգնում է նաեւ այն կանանց, որոնք իրենց կյանքում գոնե մեկ անգամ հայտնվել են իր իրավիճակում․․․





























