British Airways ավիաընկերության բորտուղեկցորդուհիները ձայների մեծամասնությամբ կողմ են արտահայտվել աշխատավարձերը բարձրացնելու պահանջով գործադուլ հայտարարելուն, հայտնել է Unite արհմիությունը։

Քվեարկությանը մասնակցել է ավիաընկերության ավելի քան 2 հազար աշխատակից։ Նրանց 79 տոկոսը կողմ էր քվեարկել գործադուլին։ Որոշվել է, որ գործադուլը կհայտարարվի դեկտեմբերի 21-ից ոչ շուտ եւ կանդրադառնա Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի վրա, փոխանցում է BBC-ն։

BA -ի ղեկավարությունը չի ճշգրտել, արդյոք բորտուղեկցորդների գործադուլը անդրադառնալու է Սուրբ ծնունդի տոնական օրերի չվերթների վրա։

Գործադուլը նախաձեռնողների խոսքով ղեկավարությունը խոստացել էր, որ 2010-ից հետո աշխատանքի ընդունված բորտուղեկցորդների աշխատավարձը կկազմի 26․6-31․7 հազար դոլար, սակայն իրականում այդ թվականից հետո պայմանագիր կնքած աշխատակիցները ընդամենը 15․2 հազար դոլար աշխատավարձ են ստանում։

Բորտուղեկցորդները մինչ այդ հրաժարվել էին 2 տոկոսի չափով բարձրացումից, պահանջելով աշխատավարձը բարձրացնել այնքան, որքան խոստացված է եղել իրենց աշխատանքի ընդունելիս։