Առաջարկում ենք շեշտադրումը դնել էլեկտրոնային ծանուցումների մեխանիզմի վրա: ՀՀ կառավարության այսօրվա նիստում, ներկայացնելով ՀՀ նախագահի եւ վարչապետի հանձնարարականների կատարումը, այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այսօրվա գործող իրավակարգավորումներով Հայաստանում առաջնահերթ ծանուցումը կատարվում է փոստային եղանակով եւ շատ հաճախ դրա արդյունավետությունը կասկածի տակ է դրվում տարբեր պատճառներով ու քաղաքացու պատշաճ ծանուցումը հնարավոր չի լինում ապահովել: «Քանի որ այսօր նույնականացման քարտերի տրամադրմանը զուգահեռ քաղաքացիներին տրվում է նաեւ պաշտոնական էլեկտրոնային փոստ, մենք առաջարկում ենք ծանուցումներն ուղարկել նաեւ այդ էլ.հասցեներին, ինչպես նաեւ ներդնել բջջային հեռախոսին ստացվող sms հաղորդագրության միջոցով համապատասխան ծանուցումը ստանալու համակարգ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ արդեն պատրաստ են թե′ ՀՀ ոստիկանության, եւ թե՛ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության համապատասխան հարթակները, որոնք հնարավորություն կտան ՀՀ քաղաքացիներին բջջային հեռախոսների միջոցով կամ նախընտրելի այլ եղանակով ծանուցված լինել արգելանքների կամ վարչական ակտերի մասին: Ընդ որում, քաղաքացին կկարողանա նաեւ իր համար նախընտրելի այլ տարբերակով եւս ծանուցվել, օրինակ, իր անունով ստացվող ծանուցումներ ստանալը լիազորել իր ընտանիքի այլ անդամներին կամ հարեւանին եւ այլն:
Հավելենք նաեւ, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում Ձեր վերաբերյալ հարուցված կատարողական վարույթի կամ արգելանքի վերաբերյալ SMS ծանուցումների գրանցման շտեմարանում Ձեր հեռախոսահամարը ներառելու համար ընդամենը անհրաժեշտ է բջջային հեռախոսից զանգահարել 060-57-04-02 հեռախոսահամարին եւ հետեւելով ավտոմատի հրահանգներին, հավաքել Ձեր հանրային ծառայության համարանիշը եւ գրանցվել։
Գրանցվելուց հետո, եթե Ձեր վերաբերյալ Ծառայությունում հարուցվի կատարողական վարույթ, գրանցում կատարած բջջային հեռախոսահամարին կստանաք SMS հաղորդագրություն, որում նշված կլինի հարուցված կատարողական վարույթի համարը, պահանջատիրոջ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն) եւ Ձեր գույքի ու դրամական միջոցների վրա կիրառված արգելանքի չափը։





























