Խոշտանգումից տուժած քաղաքացիները համաչափ եւ արդարացի փոխհատուցում կստանան պետությունից: Այս մասին այսօր` դեկտեմբերի 15-ին, խորհրդարանում ասաց արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը` ներկայացնելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

«Երեք բաղադրիչ կա` նյութական եւ ոչ նյութական փոխհատուցում, ռեաբիլիտացիոն իրավունք: Վերջինն իր հերթին պարունակում է երեք բաղադրիչ` ստացած բուժօգնության դիմաց վարձատրության իրավունք, անվճար հոգեբանական եւ իրավաբանական ծառայություններ»,- ասաց նա:

Փոխնախարարի խոսքով` փոխհատուցման չափը դատարանն է որոշելու, իր հերթին պետությունը կարող է իր գումարը պահանջել այն անձից, որը կատարել է խոշտանգումը: