Պուտինը Աբեին նվիրել է հին ինքնաեռ ու նրանից պատասխան նվեր ստացել՝ 6 մետր բարձրության գլանաձեւ նկար՝ պատմական թեմայով։
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն նվերների ավանդական փոխանակություն են կատարել բանակցությունների ընթացքում։
Սինձո Աբեն նվեր է ստացել 1870-ին պատրաստված ածխով աշխատող ինքնաեռ, նաեւ Իգոր Ռազժիվինի նկարներից մեկը։
Ի պատասխան Աբեն Պուտինին նվիրել է «Պուտյատինի ժամանումը» նկարի վեց մետր բարձրության ճապոնական ոճով վերարտադրությունը, որն ասես գլան լինի։ Ստեղծագործությունը նվիրված է ռուս ծովակալ ու դիվանագետ կոմս Եվֆիմի Պուտյատինին, որը 1855-ին ստորագրել է Ճապոնիայի հետ բարեկամության ու առեւտրի մասին առաջին պայմանագիրը։
Պուտինի ու Աբեի բանակցությունների գլխավոր թեմաներից էր Հարավային Կուրիլներում երկու երկրների համատեղ գործունեությունը։




























