Հավատացյալ մարդիկ չպետք է որոնեն գերբնական նշաններ, որոնց մասին խոսում էին մի շարք լրատվամիջոցներ Տիրոջ գերեզման տաճարում Քրիստոսի գերեզմանի հետազոտության կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Երուսաղեմի պատրիարք Ֆեոֆիլ երրորդը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Կուվուկլիայում, քարանձավի վրա կառուցված եկեղեցում, որտեղ ըստ քրիստոնեական հավատքի՝ թաղվել, իսկ հետո հարություն է առել Հիսուսը, վերանորոգման աշխատանքներ կատարելիս գիտնականները ժամանակավորապես հանել են այն մարմարյա սալիկները, որոնք դրված են քարերի մեջ փորված հին դամբարանի վրա։
«Ոչ, դրանք հիմարություններ են, նման երեւույթներ չեն եղել։ Բացի դրանից ուղղափառ հավատքը, եւ ամբողջ քրիստոնեությունը, ողջամիտ աստվածապաշտություն է, հավատացյալ մարդկանց չպետք է նման հարցեր հետաքրքրեն՝ դա լրիվ անընդունելի է,- ասել է պատրիարքը Երուսաղեմում Ռուսական հոգեւոր առաքելության կայքին տված հարցազրույցում։
Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու հոգեւոր առաջնորդը մարմարյա սալիկը հանելը բացատրել է դամբարանը շինարարական լուծույթից պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Պատրիարքը անթույլատրելի է անվանել խոսակցություններն այն մասին, որ վերականգնողական աշխատանքները միջամտություն են ինչ-որ առեղծվածային տարածք։
«Բանն այն է, որ Քրիստոսի հարության տաճարում արդեն երկար տարիներ վերականգնողական աշխատանքներ են իրականացվում, ու տաճարի միակ մասը, որին այդ աշխատանքները չեն անդրադարձել, Կուվուկլիան է, դրա համար էլ այն վերականգնման կարիք ուներ, մասնավորապես Քրիստոսի քարանձավը, այսինքն Տիրոջ գերեզմանի տաճարը»,- հայտնել է նա։
Կուվուկլիան առաջին անգամ է վերականգնվում 1810-ին կառուցվելուց հետո։ Աշխատանքները կավարտվեն 2017- ի մարտին։ Հենց այնտեղ, Քրիստոսի գերեզմանի վրա են ուղղափառ Զատիկի նախօրեին (2017-ի ապրիլի 16-ին-խմբ) այրվում Աստվածատուր կրակը։ Տիրոջ գերեզման տաճարը Երուսաղեմում կառուցվել է 4-րդ դարում ու այդ ժամանակվանից հետո բազմիցս փոփոխվել է ու վերանորոգվել։





























