Նյու Յորքի քաղաքային իշխանությունները, պարզվել է, անօթեւաններին բնակեցնում էին հյուրանոցների թանկարժեք համարներում, հայտնել է Associated Press–ը։
Ըստ հաշվետվության, որը պատրաստել էր Նյու Յորքի գանձապահ Սքոթ Սթրինգերը, տարվա ընթացքում 815 անգամ անօթեւաններին տեղավորել են Մանհեթենի հյուրանոցներում, որտեղ մեկ օր գիշերելն առնվազն 400 դոլար արժե։
Իսկ սեպտեմբերի 19-ին ու 20-ին Նյու Յորքի իշխանությունները անօթեւանների համար պատվիրել էին 30 հյուրանոցային համար, որոնք օրական 629 դոլար արժեն։
Քաղաքապետարանի ներկայացուցիչը բացատրել է, որ սեպտեմբերին գները բարձրացել էին Նյու Յորքում անցնող ՄԱԿ նիստի կապակցությամբ։ Դրա հետեւանքով քաղաքի իշխանությունները սովորականից շատ էին վճարել։
Անօթեւանների աճող քանակի պատճառով նյույորքյան գիշերակացի տները գերծանրաբեռնված են։ Քաղաքային իշխանությունները ստիպված են լինում անօթեւաններին տեղավորել հյուրանոցներում։ Անօթեւանների գործերով զբաղվող Նյու Յորքի բաժանմունքը հայտնել է, որ անօթեւանների մեկ ընտանիքը տեղավորելու համար օրական միջինը 174 դոլար է ծախսվում։ Ըստ Սթրինգերի զեկույցի՝ այդ ցուցանիշը կազմում է 194 դոլար։ Նյու Յորքի քաղաքապետարանը հայտնել է, որ քաղաքի իշխանությունները դիտարկում են ծախսերի աճը զսպելու հնարավոր տարբերակներ։





























