Մադրիդի դատարանն արդարացրել է Մադրիդի քաղաքապետարանի մամուլի քարտուղար, քաղխորհրդի անդամ Ռիտա Մաեստրեին, որին մեղադրում էին հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու մեջ, հայտնում է La Razón-ը։
Թերթի տվյալներով, դատարանը քննել է 2016-ի մարտի 18-ին կայացված դատավճռի վերաբերյալ կնոջ բողոքարկումը։ Ըստ դատավճռի, Մաեստրան դատապարտվել էր 4․32 հազար եվրո տուգանքի, չնայած դատախազությունը 28-ամյա կնոջ համար ազատազրկում էր պահանջում։ Այդուհանդերձ, դատավորը վճռել էր, որ ավելի նպատակահարմար է տուգանքը, քանի որ պատժի այդ տեսակն «ավելի հարմար է ու համաչափ»։
Ըստ քննության վարկածի՝ այն ժամանակ դեռ Կոմպլուտենսե համալսարանի ուսանողուհի Մաեստրեն 2011-ի մարտի 10-ին բողոքի ակցիա էր կազմակերպել կամպուսի տարածքում գտնվող եկեղեցում։ Աղջիկը ու նրա համակուրսեցին մտել էին եկեղեցի՝ Հռոմի պապի ու սվաստիկայի պատկերով ու սկսել Աստվածաշնչից որոշ հատվածներ ընթերցել։ Հետո Մաեստրեն ու մի քանի այլ աղջիկներ մինչեւ գոտկատեղ մերկացել էին, մնալով ներքնազգեստով, ու դուրս եկել եկեղեցուց՝ բղավելով վիրավորական արտահայտություններ։
Դատախազության կարծիքով, ակցիայի մասնակիցները «նպատակ ունեին վիրավորել ներկաների ու ամբողջ կաթոլիկ եկեղեցու կրոնական զգացմունքները»։ Իսկ Մաեստրեն իր համաձայն չէ այս մեղադրանքին։ «Մերկ մարմինը ոչ մի ընդհանրություն չունի վիրավորանքի հետ»,- արդարացել է կինը։
Այդուհանդերձ, քաղաքապետարանի մամուլի քարտուղարը շեշտել է, որ եթե իր վարքագիծը որեւէ մեկին վիրավորել է, ինքը «պատրաստ է ներողություն խնդրել»։ «Եթե ես իմանայի հետեւանքների մասին, ես երբեք նման բան չէի անի»,- ասել էր նա։ Մաեստրեն շեշտել է, որ ակցիայի մասնակիցները այս քայլը դիտարկում էին որպես «ցանկացած այլ քաղաքական ակցիա»։ «Մենք խոսում ենք բողոքի մասին ընդդեմ այն բանի, որ աշխարհիկ պետությունում ու ուսումնական հաստատություններում, որտեղ տարածքն առանց այդ էլ քիչ է, կաթոլիկ եկեղեցիներ չկառուցվեն»,- նշել է նա։





























