Uber ընկերությունը հայտնել է, որ մտադիր է անտեսել Սան Ֆրանցիսկոյի իշխանությունների պահանջը՝իրենց ինքնակառավարվող ավտոմեքենաների փորձնական ուղեւորությունների համար թույլատվություն ստանալու անհրաժեշտության մասին, հայտնում է BBC-ն։
Uber -ն այս շաբաթ սկսել է Քալիֆորնիայի փողոցներում փորձարկել ինքնակառավարման գործառույթով մեքենաները, սակայն ավտոտրանսպորտի բաժանմունքը պնդում է, որ նման թեստեր անցկացնելու համար անհրաժեշտ է հատուկ արտոնագիր ստանալ։
«Դա անօրինական է, երբ ընկերությունն իր ինքնակառավարվող ավտոմեքենաներն է գործածում հասարակական ճանապարհներին առանց թեստային ուղեւորությունների համար թույլատվություն ստանալու»,- ասվում է նամակում, որը ավտոտրանսպորտի բաժանմունքն ուղարկել է Uber–ին։
Մյուս ընկերությունները, այդ թվում Google եւ Tesla-ն, իրենց ինքնակառավարվող ավտոմեքենաեները գործածելուց առաջ իշխանություններից ստացել են համապատասխան թույլատվություն ։ Uber-ում համարում են, որ թույլատվություն ստանալու անհրաժեշտություն չկա, քանի որ ինքնակառավարվող տաքսիում վարորդի նստատեղին մարդ է լինում, որն արտառող իրավիճակի առաջացման դեպքում կարող է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները։





























