Վանաձորում դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը հրազենային վնասվածք ստացած Դավիթ Քոչարյանը Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տնօրենի տնտեսական գծով նախկին տեղակալ, մոտ 3 տարի առաջ մահացած Կորյուն Քոչարյանի որդին է:
Դավիթ Քոչարյանը 2008թ. նոյեմբերից գտնվում էր կալանքի տակ` 23-ամյա Վահան Թոփալքարաջյանին սպանելու համար: Դեռեւս այդ ժամանակ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ 2008թ. նոյեմբերի 24-ին Քոչարյանն իր հանգուցյալ պապին պատկանող ավտոմեքենայով հետապնդել է Թոփալքարաջյանին եւ Ուսանողական փողոցի թիվ 9/1 հասցեում գործող խանութի մոտ որսորդական հրացանից կրակել ու սպանել նրան։ Այնուհետեւ Քոչարյանը նույն ավտոմեքենայով դիմել է փախուստի Գոռ Վարդանյանի եւ Պավել Ադամյանի հետ: Զենքն, ի դեպ, հաշվառված է եղել հենց Քոչարյանի անունով:
Դավիթ Քոչարյանն այդ ժամանակ 2-րդ կուրսի ուսանող էր, լուրեր էին տարածվել, որ նա այդ քայլին դիմել է վրեժխնդրությունից ելնելով. 23-ամյա Վահանը նախկինում նրան մի քանի անգամ ծեծել է:
Դատարանում արդեն պարզ դարձավ, որ Դավիթ Քոչարյանը շատ մոտ տարածությունից էր կրակել Վահան Թոփալքարաջյանի գլխին: Դավիթ Քոչարյանը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման, եւ օրերս էր ազատվել կալանքից: Նշենք, որ վարկած կա, որ Քոչարյանի վրա կրակել են Վահանի ընկերները հենց այն վայրում, որտեղ իրենց ընկերն էր սպանվել: Ուշագրավ է, որ փորձել են կրակել Քոչարյանի գլխին, սակայն վրիպել են. գնդակը թոքն է վնասել:





























