Հոկտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Ժնեւի գրասենյակում տեղի են ունեցել Խոշտանգումների, դաժան եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ենթակոմիտեի անդամների ընտրությունները:

Ենթակոմիտեում թափուր 20 տեղի համար փորձագետների թեկնածություններ էին ներկայացրել Խոշտանգումների, դաժան եւ անմարդկային վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության անդամ 31 պետություն: Ենթակոմիտեում Հայաստանը ներկայացրել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ, խոշտանգումների կանխարգելման ազգային խորհրդի անդամ Արման Դանիելյանի թեկնածությունը:

Ընտրությունների արդյունքում Արման Դանիելյանը ընտրվել է ենթակոմիտեի անդամ` չորս տարի ժամկետով:

Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն Խոշտանգումների, դաժան եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությամբ նախատեսված ՄԱԿ-ի կարեւորագույն մեխանիզմներից է, որի նպատակն է կանխել խոշտանգումները եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը անդամ պետություններում ազատազրկման մեջ գտնվող անձանց պահման վայրեր պարբերական այցելություններ կատարելու միջոցով: