2016 թվականը ոչինչ չտվեց ԼՂ բանակցային գործընթացին, ինչպես չտվեցին 2015-ը եւ 2014-ը. միակ խնդիրը, որ դրված էր, այնպես անել, որ լարվածություն չլինի շփման գծում եւ սահմանին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, «ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը. 2016-ի ամփոփում» թեմայով քննարկման ժամանակ նշել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով, 2016-ին տեղի ունեցած իրադարձություններից առաջին դասն այն է, որ ունենք խնդիրներ եւ դրանք ուրիշը չի լուծելու, մենք ենք լուծելու. «Մենք պետք է կարողանայինք զարկ տալ ռազմաարդյունաբերությանը: Առաջին գծում ունեինք խնդիրներ, որոնք փորձում են հիմա լուծել: Կոռուպցիոն գործընթացները, որ կան բանակում անթույլատրելի են, եւ պետք է մեղավորներին պատժել, որ կարողանանք առաջ շարժվել:

Մենք հասկացանք նաեւ, որ հայ ազգը պատրաստ է կանգնել մինչեւ վերջ Ղարաբաղի համար: Ապրիլին զոհված տղաները ապացուցեցին, որ ԼՂ խնդիրը չունի ռազմական լուծում: Սա դաս էր նաեւ միջնորդների համար: Այն կարծիքը, թե ժամանակի ընթացքում հայկական կողմը կթուլանա եւ ավելի զիջող կդառնա, պարզվեց այդպես չէ»,-ընդգծեց Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով, մյուս դասն այն է, որ ԼՂ խնդիրն ունի սերունդների ընկալում եւ պետք է որպես տնային աշխատանք երկրում ապահովել ժողովրդավարություն եւ տնտեսության զարգացում, որպեսզի սերունդներին հզոր երկիր ժառանգենք. «Երբ բոլորի մոտ կձեւավորվի ընկալում, որ ոչ Հայաստանին, ոչ Արցախին հնարավոր չէ զիջում պարտադրել, անգամ Բաքվում կհասկանան, որ պետք է բանակցությունների նստեն Ստեփանակերտի հետ: Առանց Արցախի մասնակցության բուն հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններ տեղի չեն ունենալու, լինելու են բանակցություններ այլ հարցերի շուրջ:

Եվ վերջապես հասկացանք, որ Ադրբեջանին զսպող միակ գործիքն այն է, որ Ադրբեջանում ընկալում ունենան, հայկական կողմերն իրենից ուժեղ են: Որ վայրկյանին մտածեն, որ բալանսը խախտվել է, նրանք ստանում են գայթակղություն՝ ռազմական ճանապարհով վիճակը փոխել»,-իր խոսքն ամփոփեց պատգամավորը: