Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մյուսներից ավելի խորությամբ է տիրապետում բազմաթիվ խնդիրների։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը։

Անդրադառնալով Օհանյանի ակտիվ քաղաքականություն մտնելուն՝ պատգամավորը հիշեցրեց, որ պաշտպանության նախկին նախարարը երկրի ներկայիս իշխանության հետ որոշակի ճանապարհ է անցել ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում։

«Մարդն առայժմ ոչինչ չի ներկայացրել, չարժե որեւէ գնահատական տալ։ Սեյրան Օհանյանը մեր հայրենիքին մատուցած այնպիսի ավանդ ունի, որոնք չի կարելի մոռանալ։ Մենք կարծես մոռացել ենք, որ մարդիկ իշխանության են գալիս ընտրություններից հետո՝ նրանց ժողովուրդն է ընտրում։ Նախընտրական շրջանում իշխանություն եւ ընդդիմություն հասկացություն չկա։ Եկեք հարգենք այդ մարդու մոտեցումը։ Մնացածը կախված կլինի նրա ծրագրից»,- նշեց Թեւան Պողոսյանը։