Իշխանությունները սպասում են ազատամարտիկների մահվանը, որպեսզի ազատվեն իրենց տված խոստումներից։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը ժամանակ նշել է «Ազատամարտիկների եւ զորացրված զինծառայողների իրավունքների պաշպանություն» ՀԿ նախագահ Ռազմիկ Ռուշանյանը։

«37 ազատամարտիկ այսօր առանց տուն է եւ ոչ մեկի խնդիրը ամբողջ տարվա ընթացքում չի լուծվել։ Ես հասկացա մի բան, իշխանությունները որդեգրել են հետեւյալ սկզբունքը՝  ձգձգել, մինչեւ այդ մարդիկ մեռնեն, պրոբլեմը վերանա»,- նշեց նա։

Ռուշանյանի կարծիքով՝ ազատամարտիկների եւ  զինծառայողների խնդիրները չեն լուծվելու, մինչեւ իշխանափոխություն տեղի չունենա եւ ներկայիս կառավարությունը չպատժվի իր արածների համար։

«Սոցիալական ապահովման ծառայությունները ոչ մի քայլ չեն անում։ Ասում են՝ երբ ծրագիր իրականացնենք, այդ ժամանակ էլ կլուծենք այդ խնդիրները։ Այս տարվա ընթացքում միայն 1 ազատամարտիկի թոշակի հարց է լուծվել, այն էլ՝  ոչ մինչեւ վերջ։ Առաջ, գոնե, կոմունալ ծախսերի, տրանսպորտի գումարը 50%-ով զեղչում էին, հիմա դա էլ չկա։ Գոնե դա վերադարձնեն։ Միակ ճանապարհը իշխանափոխությունն է եւ ներկայիս կառավարության ապօրինի գործունեության պատժումը»,- ասաց նա:

Ռուշանյանն ընդգծեց, որ իրենք բաց են ցանկացած դաշինքի հետ համագործակցելու համար, պայմանով, որ պետք է լուծվեն այն 3 պայմանները, որոնք վերաբերում են ազատամարտիկների եւ զորացրված զինծառայողների իրավունքների պաշտպանությանը։

Դիտարկմանը, որ Ռազմիկ Ռուշանյանի գլխավորած ՀԿ-ն Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական Վերածնունդի» անդամ է, Ռուշանյանն արձագանքեց. «Բոլորս էլ կյանքում սխալվում ենք։ Եվ ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր ՀԿ-ն դուրս է գալիս «Հայկական Վերածնունդ» միավորումից, քանի որ մեր սպասելիքները չարդարացան»: Նա նաեւ հավելեց, որ իրենց պայքարը շարունակվելու է, մինչեւ հասնեն շոշափելի արդյունքի։