Անցած տարին լի էր տագնապներով ու անհանգստություններով. թե ապրիլյան, թե հուլիսյան իրադարձությունները բացասական ու անհանգստացնող էին, որից հետեւություններ արվել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն` ամփոփելով 2016 թվականը:
«Ապրիլյան իրադարձությունները մեր ժողովրդի մոտ հակասական տրամադրություններ ստեղծեցին: Մի կողմից զոհեր ունեցանք, որը շատ վատ էր, մյուս կողմից հասկացանք, որ սահմանին կանգնած երիտասարդ զինվորները հերոսներ են, որն անհերքելի է: Հետագայում հուլիսյան իրադարձությունները տեղի ունեցան` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը, որն իհարկե շատ հետեւությունների տեղիք տվեց: Կարծում եմ` համախմբվելու, միմյանց օգնելու, սատարելու խնդիր ունենք: Հետտեւություններից մեկն էլ այն էր, որ իշխանությունները որոշակի հարցերում թերացան, հետեւանքներից մեկն էլ կառավարության փոփոխությունն էր»,-ասաց Կարինե Աճեմյանը:
Նա ընդգծեց, որ այդ կառավարությունը աշխատում է չափազանց անբարենպաստ ժամանակահատվածում:
«Կառավարությունը աշխատում է չափազանց անբարենպաստ ժամանակահատվածում այն առումով, որ մենք ընտրությունների ենք գնում եւ նախընտրական ժամանակահատվածը բացարձակապես չի օգնում, որպեսզի կառավարոթյունն ամբողջ ուժով աշխատի: Չնայած կարծում եմ` որոշակի փոքր փոփոխություններ, առաջընթաց կա»,- իր խոսքն ամփոփեց Աճեմյանը:





























