Իրկուտսկում եւս մի արտադրամաս է հայտնաբերվել, որը կեղծ «Բոյարիշնիկ» է արտադրում։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այն գործում էր Շելեխով քաղաքում։
Ավելի վաղ «Վեցերորդ 5-ամյակ» այգեգործական տնտեսությունում հայտնաբերվել էր ընդհատակյա արտադրամաս, որտեղ «Բոյարիշնիկից» բացի նաեւ օղի էին թորում։
«Կոմսոմոլսկայա պրավդա»–ի փոխանցմամբ՝ տարածքի սեփականատերերից մեկը՝ ոմն Աբասով, հիմա հայրենի Ադրբեջանում է։ Լրագրողները կարողացել են զանգել նրան, Աբասովը խոստովանել է, որ տարածքը, որտեղ գտնվում է ընդհատակյա արտադրամասը, իրեն է պատկանում, սակայն նշել է, որ ինքը հիմա Ադրբեջանում է եւ օղու մասին ոչինչ չգիտի, «քանի որ այդ արտադրամասը զբաղվում էր կարկանդակների արտադրությամբ»։
Հիշեցնենք, որ Իրկուտսկում թունավորման հետեւանքով զոհերի թիվը հասել է 74-ի, ավելի քան 100 մարդ էլ տուժել է։





























