Երեւանի քաղաքապետարանում ամուսնության գրանցման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել: Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Արցախյան գոյամարտի մասնակից, ազատամարտիկ, ՀՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Մկրտչյանի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տրոմբոնահարների խմբի փոխկոնցերտմայստեր Կարեն Սարգսյանի, թավջութակահար Վահե Դանիելյանի եւ գալարափողահար Արթուր Հովհաննիսյանի ընտանիքներին:
Մինչ նոր բնակարանների բանալիների հանձնումը, նախ Երեւանի քաղաքապետարանում առաջին անգամ տեղի է ունեցել թավջութակահար Վահե Դանիելյանի եւ գալարափողահար Արթուր Հովհաննիսյանի` իրենց ընտրյալների հետ ամուսնության պետական գրանցման հանդիսավոր արարողությունը:
Շնորհավորելով նորապսակներին ու նոր բնակարանների տանտերերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է, որ նրանք առողջ ու երջանիկ վայելեն իրենց բնակարանները:
Շնորհակալություն հայտնելով իրենց վաստակը գնահատելու համար` նոր բնակարանների տանտերերը նշել են, որ սեփական բնակարան ունենալն իրենց համար անչափ սպասված եւ կարեւոր խնդիր էր, որն այժմ լուծվեց ու դարձավ Ամանորի անմոռանալի նվեր: Արվեստագետները նաեւ հավելել են, որ շարունակելով իրենց աշխատանքը` անելու են հնարավորը՝ մայրաքաղաք Երեւանի մշակութային կյանքն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ։





























