Բինան՝ վեց տարեկան էգ շարպեյը, հյուրերին դիմավորում է սիրալիր մռնչյունով «Ուշադրություն մի դարձրեք, Բինան (շեշտը «ի»-ի վրա, խմբ․) միայն տեսքից է ահեղ, բայց երբեք ոչ մեկին չի կծել, ու ավելի շատ ձեւական է մռնչում, որպեսզի հիշենք, որ տանը ահեղ շուն կա»,- պատմում է Սյուզի Ղուկասյանը։

Ղուկասյանների տանը երկու շուն կա՝ շարպեյ Բինայից բացի նաեւ մինի պեկինես Լիկան։

«Բինան հորս շունն է։ Իսկ Լիկան (մինի պեկինեսը) հայրս ինձ է նվիրել ծննդյանս օրը, քանի որ գիտեր, որ ես պաշտում եմ փոքր շների»,- ասում է Սյուզին։

Շարպեյը չինարենից թարգմանաբար նշանակում է ավազյա մորթիով շուն։ Այս տեսակի տարբերակիչ յուրահատկությունն է կնճռոտ մաշկը։ Շարպեյները շատ հին տեսակ են, որոնք հայտնի են դետ Խան կայրսրության դարաշրջանից, կամ էլ Ք․ա 206 թվականից։ Հենց այդ թվականով է տարեգրված շարպեյի փոքր քանդակը, որը պահվում է Սան Ֆրանցիսկոյի արեւելյան արվեստների թանգարանում ու որը չինական դամբարաններից են գտել։ Շարպեյների պատմության մեջ եղել են նաեւ ողբերգական պահեր։ Երբ Չինաստանում իշխանության էին եկել կոմունիստները, այս տեսակը քիչ էր մնում վերանար։ Ընտանի կենդանիներ պահելը հանցագործություն էր համարվում։ 1972-ին Չինաստանում արդեն հնարավոր չէր թեկուզ մեկ շուն գտնել։ Միայն Թաիվանում ու Հոնկոնգում էին էնտուզիաստները շարունակում պահպանել շարպեյներին ու հենց այդ երկրներից է սկսվել տեսակի վերականգնումը։ Շարպեյը նույնիսկ Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել որպես աշխարհի ամենահազվագյուտ ու սակավաթիվ շան տեսակ։ Տեսակի վերականգնումը հնարավոր է դարձել Մաթթո Լոուի շնորհիվ, որը կարողացել է ոչ միայն պահպանել իր սիրելի շներին, այլեւ համաշխարհային հասարակության ուշադրությունը գրավել նրանց հանդեպ։ Շարպեյներին օգտագործում էին որպես պահակային, որսորդական ու նույնիսկ մարտական շներ։ Ճիշտ է, որպես մարտական շներ դրանք առանձնապես մեծ հաջողություն չեն ունեցել, քանի որ հանգիստ ու հավասարակշռված բնավորություն ունեն։

«Բինան շատ խելացի է, ամեն ինչ կես խոսքից հասկանում է։ Գլխավոր հեղինակությունը, իհարկե, հայրս է։ Եթե հայրս կարգադրի դուրս գալ սենյակից, ինչքան էլ մենք կանչենք, նա չի մտնի, մինչեւ հայրս չթույլատրի»,- ասում, է Սյուզին։

Որոշ ժամանակ առաջ ընտանիքի հորը՝ Գուրգեն Ղուկասյանին վիրահատել էին, ու վիրահատությունից հետո պետք էր խուսափել կտրուկ շարժումներից «Բինան միշտ հորս ողջունում է, ցատկում, բարձրացնում թաթերը։ Մինչեւ հորս հիվանդանոցից տուն բերելը մենք խոսեցինք Բինայի հետ։ Բացատրեցինք նրան, որ ցատկել չի կարելի։ Երբ հայրս եկավ, Բինան մոտեցավ նրան, բայց չցատկեց»,- պատմում է Սյուզին։

Եվ հետո՝ Բինան հրաշալի սովորություն ունի՝ նա պաշտում է, երբ վիզը քորում են ու կարող է կանգնած քնել։

Մինի պեկինես Լիկան Ղուկասյանների տանը հայտնվել է երկու տարի առաջ։ «Ինչո՞ւ Լիկա։ Ուզում էի նրան յուրահատուկ ու հիշվող անուն տալ։ Ի տարբերություն Բինայի՝ Լիկան ավելի քմահաճ է։ Սիրում է թագուհու պես պառկել փափուկ բաների վրա։ Անում է ինչ ուզում է, իսկ եթե չի ուզում, չի անում։ Սկզբում մորս դուր չէր գալիս երկրորդ շուն պահելու գաղափարը, բայց աստիճանաբար նա այնքան կապվեց, որ հիմա արդեն շատ է սիրոււմ Լիկային, իսկ Լիկան նրան ավելի շատ է սիրում, քան ինձ»,- պատմում է Սյուզին։

Պեկինեսները նույնպես շների հին տեսակ են համարվում՝ դարեր շարունակ ապրել են չինական կայսրերի պալատներում, որտեղ նրանց սրբազան կենդանի էին համարում ՝ Բուդդայի մարմնավորումներից մեկը։ Պալատում յուարքանչյուր շուն ուներ իր անձնական ծառան, իսկ պեկինես գողանալու համար կարող էին մահապատժի ենթարկել։ Չինաստանի սահմաններից դուրս պեկինեսի գոյության մասին իմացել են միայն 1860-ին, երբ հինգ նման շներ հայտնվել են այն անգլիացիների մոտ, որոնք պատերազմի ժամանակ գրավել էին կայսերական պալատը։ Այնուհետեւ նրանք այդ շներին նվիրել են բարձրաստիճան անձանց ՝ այդ թվում Վիկտորիա թագուհուն։ Այսպես, պեկինեսները երկրորդ հայրենիք ձեռք բերեցին ՝ Անգլիան։

Մի անգամ հեռուստացույցով ցույց էին տալիս «Ֆուլ Հաուզ» սերիալը, որտեղ հերոսուհիներից մեկի անունը նույնպես Լիկա է։ «Հեռուստացույցով մի քանի անգամ կրկնեցին «Լիկա» անունը։ Նա որոշեց, որ իրեն են կանչում ու եկավ նստեց էկրանի առաջ»։ Իր հիացմունքը Լիկան արտահայտում է փռշտալով։