Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի երեխաները ուսումնական տարին կիսաքանդ ու ցուրտ դպրոցում ավարտեցին: NEWS.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Ավետիք Ավետիսյանը նշեց, որ դպրոցի նոր շենքի գույքը պատվիրվել էր, բաց թե ինչու է ուշանում, չի կարող ասել:

 «Մարզպետարանից ասացին՝ գույքն արդեն պատվիրել են, սպասում ենք, որ տեղ հասնի: Կարծում եմ, որ 2017թ. ուսումնական տարին նոր շենքում կսկսենք: Չնայած, կարծում էինք, որ գույքի հարցը կլուծվի եւ մենք կհասցնենք տեղափոխվել նոր շենք»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ դիմել են մարզպետարան, որտեղից խոստացել են  դպրոցի համար նոր գույք ձեռք բերելու հարցում օգնել: Մարզպետարանից էլ տեղեկացրել են, որ դպրոցի գույքը պատվիրվել է:

Հիշեցնենք, որ Վարդենիսի դպրոցի աշակերտները սեպտեմբերի 27-ին դասադուլ արեցին, նրանց խոստացան, որ նոր շենքը մինչեւ հոկտեմբերի 10-ը պատրաստ կլինի: Երեխաները բողոքում էին, որ ցուրտ դասասենյակներում դաս անել չեն կարողանում:

Լուսանկարը՝ Hetq.am-ի