Մտնում ենք Նորքի- տուն ինտերնատի այն սենյակը, որտեղ արդեն 11 տարի է ապրում է 87-ամյա Մարուսյա Սարգսյանը: 87-ամյա կինը հանգստանում է սենյակի անկյունում դրված մահճակալի վրա, ներողություն ենք խնդրում նրան խանգարելու համար: Սենյակը կոկիկ հավաքված է, մահճակալի վերեւում հարազատների՝ ծնողների, ամուսնու եւ եղբոր մահացած տղայի լուսանկարներն են եւ անծանոթ երեխաներից ստացած նամակները... (ֆոտոռեպորտաժ)

Տիկին Մարուսյան մեզ տեսնելով միանգամից ուրախանում է, նստում է մահճակալին, մեզ նստելու տեղ առաջարկում: Քիչ անց տարեց կինը գյումրեցու բարբառով սկսում է. «Էս կյանքում ինչքան օր հարազատ ունեի կեսը մեռել են, կեսն էլ Ռուսաստան են փախել...ես էլ եկել եմ էստեղ կապրիմ, շատ գոհ եմ աղջիկ ջան՝ էստեղ հարազատից էլ լավ կվերաբերվին մեզի...»:

Նույն սենյակում տիկին Մարուսյայի հետ 89-ամյա կին է ապրում, որը մեր այցելության ժամանակ սենյակում չէր: Տիկին Մարուսյային տուն-ինտերնատում միայն դա դուր չի գալիս, ուզում է մենակ ապրել:

«Սաղ լավ է ստեղ, մենակ ըսօր չեն հանում կողքիցս (խոսքն իր հետ նույն սենյակում ապրողի մասին է): Մե վախտըմ լավ էինք, բայց հըմի արդեն համը հելավ, կըսեն ջուրն օր շատ կըմնա՝ կհոտի, չէ՞, դե մենք էլ 4-5 տարի է իրար հետ կապրինք: Մե քիչըմ քըֆրտեմ կը, էդ է, սկսել ենք կռվիլ: Կըսեն՝ մենակ օր կապրիս, կատու պիտի պահես, որ ընկեր ունենաս, մենակ մարդը լավ չէ»,-ժպտալով ասում է նա:

Մարուսյա Սարգսյանը բնակվել է Գյումրիում, Երեւան տեղափոխվել է 30 տարի առաջ: Ծնողներին կորցրել է վաղ հասակում: Ամուսնացել է  37 տարեկանում, հարազատ երեխաներ չունի: Ամուսնու մահից հետո ստիպված է եղել տուն-ինտերնատ տեղափոխվել: