Վերջերս ազգային վիճվարչությունը հրապարակել է 2014-ի հոկտեմբերին անցկացված գյուղատնտեսական հաշվառման արդյունքները։ Գյուղատնտեսությունը, ի տարբերություն ասենք արդյունաբերության, բնութագրվում է զարգացման որոշակի իներտությամբ։ Այնպես որ երկու տարում մի շարք ցուցանիշներում քիչ բան է փոխվել ։ Դա վերաբերում է նաեւ ոլորտում տնտեսությունների քանակին եւ գյուղատնտեսական նշանակության հողերի մակերեսին։

Հաշվառման տվյալներով, Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ներգրավված է գրեթե 361 ֆիզիկական անձ, նաեւ 453 իրավաբանական անձ։ Ընդ որում գյուղատնտեսական նշանակության հողեր ունեն 346 հազարից քիչ ֆիզիկական անձինք ու 342 իրավաբանական անձինք։ Նկատենք, որ «գյուղատնտեսական նշանակության հողեր» կատեգորիայում, ցանքատարածքներից բացի ընդգրկվում են նաեւ բազմամյա տնկարկը (մրգի այգիները, խաղողի այգիները), արտերն ու արոտավայրերը։ Նաեւ այն տնամերձ հողատարածքները, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Հայտնի է, որ խորհրդային ժամանակներում բազմամյա տնկարկի  (այսինքն հիմնականում բանջարեղենի ու մրգի)  տնամերձ հողատարածքները կազմում էին այդ կատեգորիայի հողերի 6 տոկոսից էլ քիչ։ Բայց կոլխոզների ցուցանիշների համեմատ բանջարեղենի ու մրգերի ֆանտաստիկ բերքատվություն էին ապահովում։ 1988-ի տվյալներով, տնամերձ տնտեսություններն ապահովում էին այն ժամանակվա հանրապետության բանջարեղենի բերքի ծավալի 49 տոկոսը, մրգերի ու հատապտուղների 52 տոկոսը, կարտոֆիլի գրեթե 60 տոկոսը։

Հիշեցնենք, որ կոլխոզների հողերի ու մնացած ունեցվածքի սեփականաշնորհման ընթացքում մեկ գաղափար էր բարձրաձայնվում։ Դառնալով մեծ հողատարածքների սեփականատերեր՝ նախկին կոլխոզնիկները նույնպիսի ցուցանիշներ կապահովեն, ինչպես իրենց տնամերձ տարածքներում։ Ընդ որում հաշվի չէին առնում մի հասարակ փաստ՝ համեմատաբար փոքր հողատարածքներում հնարավոր էր առանց հատուկ մեխանիզացիայի, բանջարեղեն ու միրգ   մշակել։ Եվ հետո՝ մի՞թե սեփականաշնորհման ընթացքում շատ հող է բաժին հասել առանձին տնտեսություններին։

 Ներկայացնենք հողատարածքների մեծության վերաբերյալ տվյալներ դրանց սեփականատեր հանդիսացող տնտեսությունների մասով։  Ֆիզիկական անձ կարգավիճակով տնտեսությանը միջինը բաժին է ընկնում 1․48 հա գյուղատնտեսական հող։ Իրավաբանական անձանց մոտ այդ ցուցանիշը զգալիորեն մեծ է ՝ մոտ 63 հա։ Եկամտաբեր տնտեսության համար, զարգացած երկրներում, պահանջվում է առնվազն 100 հա հողատարածք։ Այսինքն մեր ցուցանիշից գրեթե կրկնակի շատ։

Ստացվում է յուրատեսակ փակ շրջան։ Համեմատաբար մեծ հողատարածքը, մեխանիզացիայի ներկա մակարդակի պայմաններում, դժվար է նույնքան արդյունավետ մշակել, որքան փոքր տնամերձ հողատարածքը։ Մյուս կողմից էլ բուն հողատարածքի մեծությունը օբյեկտիվորեն անբավարար է տնտեսության եկամտաբերությունն ապահովելու համար։

Այս խնդիրների լուծման ճանապարհներից մեկն է կոոպերացիան։ Ըստ էության գյուղում կոոպերացիայի ուղղությամբ աշխատանքներ պետությունն իրականացնում է։ Բայց կոոպերատիվներում ներգրավված են երկրի տնտեսությունների ընդհանուր քանակի 2 տոկոսից էլ քիչը։ Ընդ որում կոոպերացված տնտեսությունների մեծ մասը՝ 64 տոկոսը, միավորվել է գյուղատնտեսական տեխնիկայի համատեղ գործածման համար։ Դա, իհարկե անհրաժեշտ բան է։ Սակայն ասենք, գյուղատնտեսական ապրանքների համատեղ արտադրությանը բաժին է հասնում կոոպերատիվներում ընդգրկված տնտեսությունների ընդամենը 18 տոկոսը։

Սմբատ Գրիգորյան