ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված կազմակերպության պաշտոնատար անձի /անձանց/ կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, այն է՝ հաստիքի համալրման անհրաժեշտության  բացակայության պայմաններում հաստիք նախատեսելու եւ այդ  հաստիքում նշանակված անձի կողմից պարտականությունները փաստացի չկատարելու, դրա դիմաց պետական բյուջեից վարձատրություն ստանալու հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերեւույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին: