«Չարլի ծաղրածուն», նույն ինքը՝ Գագիկ Ավետիսյանը, թատրոնից է կրկես եկել: Գագիկ Ավետիսյանի կրկեսային ճակատագրի հարցում մեծ դեր է խաղացել պատահականությունը:

NEWS.am-ի հետ զրույցում Գագիկ Ավետիսյանը ներկայացրեց իր բեմական կյանքի մի քանի դրվագներ:

«Սկսենք նրանից, որ ես Հենրիկ Մալյանի թատրոնի դերասան էի: Հետո այնպես ստացվեց, որ կրկես ընկա: Անսպասելի ստացվեց, մի մարդ ինձ կրկես հրավիրեց, այն խումբ, որը հյուրախաղերի էր մեկնում Ուզբեկստան, Լիբանան, ԱՄԷ: Ես 27 տարեկան էի: Դա կրկեսի համար փոքր տարիք չէ, բայց ականավոր Ենգիբարովը նույնպես այդ տարիքում էր, երբ կրկես եկավ: Ճիշտ է, ակրոբատներն այս տարիքում թոշակի են գնում»,- ասաց «Չարլի ծաղրածուն»:

Արդյունքում՝ 1994 թվականին սկսվեց Գագիկ Ավետիսյանի կրկեսային կյանքը: «Կարող եմ ասել, որ կրկեսն ավելի եմ սիրում, քան որեւէ այլ բան»,- համոզված ասում է Գագիկ Ավետիսյանը: Կրկեսային կարիերայի սկզբում Ավետիսյանը հնարքներ կատարել չէր կարողանում: «Սակայն դրսեւորվեց թատրոնում աշխատանքը: Սկզբում խաղարկային ժանրով էի հանդես գալիս: Մեկ տարի հետո Սոս Պետրոսյանը (Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավարը) ուշադրություն դարձրեց, որ հնարքներն են պակասում, եւ ես սկսեցի յուրացնել «կոճերը» եւ ձեռնածություն անել»,- պատմեց Գագիկ Ավետիսյանը:

1996 թվականից «Չարլի ծաղրածուն» հյուրախաղերի մեկնեց Ուկրաինա, Ռուսաստան, Եվրոպա, եւ հիմա Գերմանիայում է բնակվում: Գագիկ Ավետիսյանին բախտ է վիճակվել շատ կրեսներում աշխատել: «Չարլի ծաղրածուն» Երեւան է եկել հատուկ մասնակցելու հայկական կրկեսային կոլեկտիվի 60-ամյակին նվիրված ներկայացումներին եւ ամանորյա ծրագրին: «Ստիպված էի հրաժարվել մի քանի հետաքրքիր պայմանագրերից: Ու ահա, այստեղ եմ, որպեսզի հաճույքով ծրագրում աշխատեմ»,- ամփոփեց Գագիկ Ավետիսյանը: