ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով, ծառայակցի կողմից սպանված 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանի գործով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: NEWS.am-ի հետ զրույցում Հովհաննեսի իրավահաջորդի շահերի պաշտպան Անի Չատինյանը նշեց, որ գործով նյութերն արդեն ուղարկվել են կողմերին` ծանոթանալու:
«Հովհաննեսի ծառայակից Միքայելի կողմից սպանությունը կատարելու մասով հիմնավորված գործը շուտով դատարան կուղարկվի: Քրեական գործը բաղկացած է 4 հատորից: Կատարվել է բավարար նախաքննություն, մենք գոհ ենք ընթացքից»,-ասաց նա` նշելով, որ գործով դատավարությունը տեղի կունենա Ստեփանակերտում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
Համալիր դատահոգեբանական, դատաբժշկական փորձաքննությունների համաձայն ծառայակից Հովհաննեսին սպանելու մեջ մեղդրվող Միքայել Զաքարյանը մեղսունակ է ճանաչվել:
Նշենք, որ Միքայել Զաքարյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում: NEWS.am-ի հետ զրույցում նրա փաստաբանը՝ Էրիկ Բեգլարյանը նշել էր, որ Հովհաննեսը Միքայելի ինքնաձիգը կատակով փորձել է վերցնել եւ հենց այդ քաշքշոցի ժամանակ էլ արձակվել է մահացու կրակոցը: Փաստաբանի խոսքով՝ Միքայելն իրեն մեղավոր ճանաչում է միայն ՔՕ 373 հոդվածի 3-րդ մասով՝ զենքի, ռազմամթերքի, ինչպես նաեւ ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է թեթեւ կամ միջին ծանրության վնաս, որը պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նշենք, որ քննչական կոմիտեից NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ Հովհաննես Հարությունյանին սպանել են, ոչ թե մահացել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով: Քննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ էին ձեռք բերվել, որ դիտավորյալ սպանություն է տեղի ունեցել: Հովհաննեսի սպանության մեջ մեղադրվող Միքայել Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով՝ սպանություն, որը կատարվել է խուլիգանական դրդումներով, որը պատժվում է ութից տասնհինգ տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Միքայել Զաքարյանը գտնվում է կալանքի տակ՝ «Շուշիի» քննչական մեկուսարանում:
Հովհաննեսը երկու քույր եւ մեկ եղբայր ունի, ինքն ընտանիքի երրորդ երեխան էր: Նա սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքից էր, բնակվում էին Աշտարակի Մուղնի թաղամասում, զբաղվում անասնապահությամբ: Նրանք տուն չունեն, ապրում են ծանր պայմաններում: Հովհաննես Հարությունյանը ծնունդով Արմավիրի մարզի Արեւիկ գյուղից էր, նրանց ընտանիքը տարիներ առաջ Արեւիկից տեղափոխվել է Աշտարակ: Զինծառայողը զոհվել էր 2016թ. մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով:





























