Հունվարի 1-ին լրացավ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի անազատության մեջ գտնվելու մեկ տարին: Նրա ընտանիքն այս տարի Նոր տարին շատ համեստ է նշում եւ փորձում անել ամեն ինչ, որպեսզի ճաղերի հետեւում գտնվող Գեւորգն իրեն լավ զգա:
«Շատ տխուր եմ, որ այս տարի Գեւորգը Նոր տարուն տանը չի: Ու դրա համար էլ այս տարի ոչ մի պատրաստություն չենք տեսել, ուղղակի շնորհավորել ենք միմյանց: Նախորդ տարիներին միշտ ճոխ ենք նշել Ամանորը` ընտանիքի բոլոր անդամներով: Միայն անցած տարի, որ Գեւորգիս հետ այս դեպքը պատահեց չնշեցինք: Այս տարի հնարավորին չափ կաշխատենք լինել Գեւորգի հետ, կփորձենք այնպես անել, որ չտխրի»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեւորգ Սաֆարյանի մայրը` տիկին Շուշաննան:
Տիկին Շուշաննան վերջին անգամ Գեւորգին տեսակցել է մի քանի շաբաթ առաջ, որից հետո մեկ անգամ էլ նրան դատարանում է տեսել. «Վերջին անգամ տեսակցելու ժամանակ ասացի` անմեղ տեղը մեծ պատասխանատվության առաջ կանգնեցիր տղաս, ասաց` ոչինչ մամ, նորմալ ա, եթե ես էստեղ չլինեմ, իմ որդին ա էստեղ լինելու: Այ, եթե ժամանակին էլ դուք էստեղ լինեիք` ես էստեղ չէի լինի»:
Տիկին Շուշաննան դատարանից ակնկալում է արդար դատավճիռ, հուսով է, որ 2017թ. իր որդուն ազատության մեջ կտեսնի:
«Արդարացման ակնկալիքներ ունեմ, որովհետեւ պարզ երեւում է, որ Գեւորգս անմեղ է, այստեղ պետք է մարդկայնության գործոնն աշխատի»,-ասաց նա:
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Գեւորգ Սաֆարյանի գործով դատավարությունը: Մեղադրողը Գեւորգ Սաֆարյանի համար պահանջել է 2,5 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:






























