Վերջին տարիներին բռնության ենթարկված կանայք ավելի շատ են սկսել ահազանգել, եւ սա ոչ թե բռնության շատացման միտում է, այլ կանանց ազատ կամարտահայտման։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, «Կանանց իրավունքների պաշտպանությունը եւ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի ընդունման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով քննարկման ժամանակ նշել է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի տնօրեն Լիդա Մինասյանը։

«Միանշանակ չի կարելի ասել՝ բռնությունը նվազել է, թե աճել։ Այս տարի մոտ 5000 ահազանգ ենք ստացել եւ ուրախությամբ ուզում եմ նշել, որ կանայք ավելի շատ են սկսել բարձրաձայնել իրենց խնդիրների մասին»,- ասաց Լիդա Մինասյանը։

Նա անդրադարձել է Հեղինե Դարբազյանի սպանության դեպքին՝ ընդգծելով, որ դրա նախադեպը դեռ չէր եղել Հայաստանում։

«Հեղինե Դարբազյանը սպանվել էր 2015թ. սեպտեմբերին, իր ամուսնու կողմից, ստանալով դանակի 30 հարված։ Հետեւել ենք դատավարությանը, ամուսնուն ազատազրկել են 11,5 տարի, որը այդ հոդվածով սպանության համար ամենամեծ ժամկետն է եղել։ Գործը հիմա մտել է վճռաբեկ դատարան։ Այսպիսի դեպքերի դրդապատճառը, ցավոք սրտի դիտվում է կնոջ անբարո վարքը, սակայն այս դատավարության ընթացքում ապացուցվեց, որ դա չի եղել իրական դրդապատճառը, եւ որ սպանությունը չի կարող արդարացվել անգամ այդ դեպքում»,-ասաց նա։