Չինաստանի Սիչուան նահանգի մեծ պանդաների պահպանման եւ հետազոտության կենտրոններից մեկի աշխատակցի վրա պանդա է հարձակվել, հայտնում է China News Service գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին Տյանտայ լեռներում պանդաների մարզկենտրոնում, որտեղ արջերին պատրաստում են ազատություն բաց թողնելուն, սակայն այս մասին միայն հիմա է հայտնի դարձել:

Կենտրոնի 41-ամյա աշխատակիցը 16-ամյա էգ արջի հետ վանդակում է եղել, երբ կենդանին անսպասելի հարձակվել է նրա վրա, սկսել կծոտել եւ գետնի վրա քարշ տալ: Դա տեղի է ունեցել մարզական ծրագրի շրջանակում, երբ պանդան իր ձագին է փնտրել:

Աշխատակիցը հիվանդանոցում է, նրա վիճակը կայուն է: Հարձակման հետեւանքով կոտրվել են նրա երկու դաստակները, կտրվել է ոտքի ջիլը, մարմինը կծոտելու բազմաթիվ հետքեր են մնացել: