Կանադական Forbes&Manhattan ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում եւ Եվրասիական տնտեսական միության մյուս երկրներում արդյունաբերական նախագծերի զարգացմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ընկերության նախագահի խորհրդական Ինդիվար Փաթհակը:

Ընկերությունը ներդրումներ է կատարում լեռնահանքային եւ արդյունաբերական այլ նախագծերում՝ խորհրդատվություն տրամադրելով (ֆինանսական եւ օպերացիոն) եւ միջոցներ ներգրավելով: Հետագայում ընկերությունները դուրս են բերվում IPO կամ ռազմավարական համագործակցություն են սկսում խոշոր ընկերությունների հետ:

«ԱՊՀ երկրներից մենք ամենաշատն աշխատել ենք Ուկրաինայում, այնտեղ մենք շուրջ 200 մլն դոլար ենք ներդրել: Հիմա նախագծեր ենք փնտրում Հայաստանում եւ Ռուսաստանում: Կարող ենք աշխատել նաեւ փոքր նախագծերի ուղղությամբ՝ 5-10 մլն դոլարի չափով, հետագայում դրանք ընդլայնելու համար»,- հայտարարեց ընկերության ներկայացուցիչը: