Մինչ 2016 թ. կեսերը Թուրքիայի դերակատարումը  սիրիական հիմնախնդրում հիմնականում կայանում էր ներսիրիական որոշ ընդդիմադիր ուժերին աջակցությամբ եւ Սիրիայի հետ սահմանի վերահսկողությամբ: Սակայն այս տարվա երկրորդ կեսից Անկարան գնաց առավել ակտիվ գործողությունների, որի հնարավորությունը թուրքական իշխանությունները ստացան հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո:

2016 թ. օգոստոսի 24-ին թուրքական զինուժը ներխուժեց Սիրիա, որտեղ ծավալած ռազմգործողությունների հետեւանքով  «Իսլամական պետությունից» նվաճվեցին մի շարք բնակավայրեր եւ առաջխաղացում արձանագրվեց քրդերի կողմից վերահսկվող տարածքների ուղղությամբ: Այդ գործողություններն առարկայական դարձրին թուրքական ներկայությունը Սիրիայի հյուսիսային որոշ հատվածներում: 2016 թ. վերջում արդեն թուրքական բանակն եւ վերջինիս կողմից աջակցություն ստացող ուժերը պաշարել են ալ-Բաբ քաղաքը: Ճիշտ է ռազմական գործողությունների ընթացքը, «Իսլամական պետության» զինյալների համառ դիմադրությունն ու  թուրք զինվորների շրջանում կորուստները վկայում են ալ-Բաբի հատվածում թուրքական զինուժի անարդյունավետ գործողությունների մասին, այնուամենայնիվ վերոհիշյալն այլ իրողության մասին է խոսում`

• Վերահսկելով Սիրիայի հյուսիսային Ջարաբլուս-Ազազ հատվածը՝ Թուրքիան փորձում է առարկայական տեսք տալ անվտանգության գոտու ծրագրին, որը երկար ժամանակ պլանավորված էր Անկարայի կողմից, սակայն դեպքերի բերումով այն չէր իրականացվում:

• Բացի դա, Սիրիայի քրդերի ռազմական հաջողությունները, որոնք կարող են հանգեցնել թուրք-սիրիական սահմանի ողջ երկայնքով սիրիական Քուրդիստանի ձեւավորմանը, անցանկալի սցենար է պաշտոնական Անկարայի համար՝ հաշվի առնելով քրդական հիմնախնդրի ակտիվացումը հենց Թուրքիայում: Այդ է պատճառը, որ տեղակայելով սեփական զինուժը Սիրիայում, Թուրքիան փորձում է անմիջական մասնակցություն ունենալ հյուսիսային որոշ հատվածներում տեղի ունեցող ռազմգործողություններին` ճնշելով քրդական ակտիվությունը:

Թուրքիան կփորձի ամրապնդել դիրքերը՝ խորացնելով սեփական ազդեցությունը Սիրիայի հյուսիս-արեւմուտքում ակտիվություն դրսեւորող ու համագործակցող ուժերի շրջանում: Դա կարող է իրականացվել էթնիկ-դավանական եւ քաղաքական լծակների գործադրմամբ:

Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա համաձայնությունների արդյունք է, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքում: Թուրքական զինուժի ներկայության մասով պայմանավորվածություններ կան նաեւ Սիրիայի, Իրանի եւ ԱՄՆ-ի հետ:

Այս առումով տեղին է հիշել սիրիական բանակի եւ նրանց աջակցող ռուսական զինուժի եւ շիայական խմբավորումների կողմից Հալեպ քաղաքի ազատագրման ռազմական գործողությունների ժամանակ Անկարայի պասիվ արձագանքը: Քաղաքական պայմանավորվածությունները հնարավորություն են տալիս Թուրքիային ազատ գործել Սիրիայում, մոտ գտնվել այստեղ ընթացող գործընթացներին եւ հետագայում ազդեցություն ունենալ դրանց վրա:

Հիշյալի համատեքստում հատկանշական է նաեւ, որ դեկտեմբերի 20-ին Մոսկվայում Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արգործնախարարների հանդիպման ընթացքում կողմերը համաձայնեցրել են սիրիական հակամարտության հետագա կարգավորման դիրքորոշումները` պայմանավորվելով շարունակել պայքարել «Իսլամական պետություն», «Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամ» խմբավորումների դեմ՝ վերջիններից տարանջատելով ընդդիմադիր զինյալ այլ ուժերին: Վերոհիշյալին կարելի է ավելացնել դեկտեմբերի 28-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ Սիրիայում կրակի դադարեցման, այնուհետեւ ընդդիմադիր 7 «չափավոր» խմբավորումների հետ պայմանավորվածություններն (այստեղ հարկ է նշել, որ հիշյալ ընդդիմադիր կառույցների շարքում են «Ահրար ալ-Շամ», «Շայշ ալ-Իսլամ» եւ «Ջայշ ալ-Մուջահիդին» խմբավորումները, որոնք սիրիական հակամարտության ընթացքում աչքի են ընկել իսլամական ծայրահեղ արմատական պահվածքով եւ մեծ թվով թյուրքական ծագումով զինյալների առկայությամբ) եւ Սիրիայում ազդեցության գոտիների վերաբերյալ համաձայնությունները:

Այսպիսով` 2017 թ. Թուրքիան հավակնում է լինել ակտիվ խաղացող սիրիական զարգացումներում` փորձելով ավելացնել իր ազդեցությունը գրեթե 6 տարի ճգնաժամի մեջ  տառապող այդ երկրում: Սիրիական գործընթացներում ակտիվ ներգրավվածությունը ոչ թե խոսում է խնդիրների մեջ թաթախված եւ վերջիններից ազատվելու Թուրքիայի փորձերի, այլ Անկարայի նոր հավակնությունների մասին, որոնք պետք է մեր ուշադրության կենտրոնում լինեն:

Սարգիս Գրիգորյան