Հայաստանի բնապահպանության նախկին նախարար, հասարակական գործիչ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը կարծում է, որ մարդու համար ամենամեծ փորձությունը իշխանություն ունենալն է: NEWS.am-ը Կարինե Դանիելյանի հետ զրուցել է բնապահպանության նախարար լինելու տարիների, Հայաստանի այժմյան էկոլոգիական վիճակի եւ այլ հարցերի շուրջ:

Ինչպե՞ս ՀՀ բնապահպանության նախարար դարձաք:

Երբ ձեւավորվեց Հայաստանի անկախ Հանրապետությունը, ինձ առաջարկեցին բնապահպանության նախարար դառնալ, քանի որ ես բավական ակտիվ էի այդ բնագավառում: Մի քիչ կասկածեցի, որ իմ բնավորությունը հարմար է նախարար լինելու համար, բայց կարողացան համոզել: Երեւի իմ կյանքի ամենասարսափելի տարիներն էին: Կարծում եմ, որ ամենամեծ փորձությունը մարդու համար իշխանություն ունենալն է: Գուցե իմ էությունն է այդպիսին, եւ ինձ հակացուցված է պաշտոն ունենալ: Ես 4 տարի չեմ քնել, այդ պատասխանատվությունն ահավոր մեծ ծանրություն էր ինձ համար: Այդ տարիները շատ դժվար անցան, ինձ համար ամենամեծ մարտահրավերն իշխանությունն էր:

Ինչո՞ւ ընտրեցիք բնապահպանության ոլորտը:

Մանկությունից ես այդ հակումն ունեցել եմ, երբ փոքր էի, կարող էի փողոցում մոտենալ ծխող տղամարդու եւ ասել, թե ինչո՞ւ է ծխախոտի մնացորդը գետնին նետում: Ծնողներս միշտ անհանգստանում էին ինձ համար, մտավախություն ունեին, որ կարող է կոնֆլիկտ առաջանալ ինչ-որ մեկի հետ: 1988 թվականին համազգային զարթոնք էր, բայց սկիզբը 1986 թվականից էր: Մինչ այդ ես սկսել էի ամեն տեղ հանդես գալ Հայաստանում էկոլոգիական խնդիրների շուրջ դասախոսություններով: Ձեւավորվեց մի շարժում, որը 1986-ին բավականին թափ առավ, եւ մեր առաջին ցույցը եղավ էկոլոգիական, հետո վերաճեց համազգային շարժման:

Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն է Հայաստանի այժմյան էկոլոգիական վիճակը:

Բարվոք չէ, չնայած արդյունաբերություն չկա եւ, կարծես, այդքան արտանետումներ չպետք է լինեն: Մենք զարկ տվեցինք հանքարդյունաբերությանը, եւ դա քայքայում է Հայաստանի բնությունը: Ես շատ բարձր կարծիք ունեմ մեր ազգի մասին, բայց ունենք նաեւ երկու մեծ  թերություն՝ նախանձ եւ ագահություն: Ագահությունն ուղղակի ջնջում է մեր երկիրը, այն դրսեւորվում է տարբեր ոլորտներում, մեր քաղաքում այն դրսեւորվել է քաղաքաշինության մեջ: