Արցախի մարտական դիրքերում նոյեմբերի 22-ին վիճաբանության ժամանակ, նախնական տվյալներով, ծառայակցի կողմից հրազենային վիրավորում ստացած Ազնավուր Բալեյանի վիճակը համեմատաբար լավ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը` նշելով, որ զինծառայողի վիճակը, սակայն, շարունակում է մնալ ծանր:

Ազնավուր Բալեյանը դեռ Վերակենդանացման բաժանմունքում է, նա ունի գլխի շրջանում հրազենային վնասվածք: Ազնավուրի վիճակը վիրավորվելուց ավելի քան մեկ ամիս անց համեմատաբար կայունացել է:

Ազնավուրը Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից է:

Ավելի վաղ NEWS.am-ին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի՝ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննությամբ պարզվել է, որ մարտական դիրքում հերթապահության նշանակված շարքայիններ Ա. Ներսեսյանն ու Ազնավուր Բալեյանը որպես դիտորդներ հերթապահել են միեւնույն հերթափոխում:

Նախնական տվյալներով՝ շարքային զինծառայողների միջեւ առաջացել է վիճաբանություն՝ Ա.Բալեյանի` դիտակետում քնելու պատճառով, որի ժամանակ հնչել են փոխադարձ հայհոյանքներ, ապա նաեւ՝ կրակոց արձակվել Ա.Բալեյանի ուղղությամբ, որը դիպել է զինծառայողի գլխին: Տեսնելով, որ Ա.Բալեյանը արնահոսում է, Ա.Ներսեսյանն օգնության է կանչել մարտական դիրքի մյուս զինծառայողներին եւ նրան տեղափոխել մոտակա զինվորական հոսպիտալ: