Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային ծեծի ենթարկելու փաստով ձերբակալվել է Ռատի Գաչեչիլաձեն: Այս մասին հաղորդում է «Գրուզիա Online»-ը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը:

«Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալն ընթացիկ տարվա հունվարի 7-ին Թբիլիսիի «Dinning room» ռեստորանում ծեծի է ենթարկել եւ վիրավորել Գվարամիային»,- ասված է հաղորդագրությունում: Հետաքննությունը վարում են Վրաստանի Քրեական օրենսգրքի 126 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը ենթադրում է մինչեւ 3 տարի ժամկետով ազատազրկում:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գլխավոր տնօրենին ծեծի ենթարկելու պատասխանատվությունը ստանձնել է Ռատի Գաչեչիլաձեն՝ 2008 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու, մինչեւ վերջերս «Մաեստրո» հեռուստաալիքի սեփականատեր Լեւան Գաչեչիլաձեի որդին:

Իր Facebook-ի էջում Ռատի Գաչեչիլաձեն գրել է, որ Նիկա Գվարամիայի վրա ինքն է հարձակվել, իրենից բացի՝ միջադեպին ոչ ոք չի մասնակցել: «Ռեստորանում կատարված այդ միջադեպն իմ արձագանքն էր ֆիզիկական եւ բարոյական վիրավորանքին, որն իմ ընտանիքը տարիներ շարունակ կրել է Գվարամիայից եւ ոչ միայն նրանից»,- պարզաբանել է Ռատի Գաչեչիլաձեն՝ հավելելով, որ փաստաբանի հետ մտադիր է ներկայանալ համապատասխան գերատեսչություն: