Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի ճանապարհը երկու օր միակողմանի փակ է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կաթնաղբյուրի գյուղապետ Արթուր Սավթալյանը: Նա նշեց, որ հունվարի 8-ին եւ 9-ին գյուղից դուրս եկող ճանապարհը տեղացած առատ ձյան պատճառով փակ է եղել եւ միայն այսօր է տեխնիկա բերվել այն բացելու համար:
«Միակողմանի փակ էր, դժվարությամբ էինք կարողանում դուրս գալ գյուղից: Հիմա արդեն տեխնիկան բերել են, մաքրում են ճանապարհը»,-ասաց նա:
Կաթնաղբյուրի բնակիչները բողոքում էին, որ գյուղից այլ բնակավայրեր տանող ճանապարհը մի քանի օր փակ է եւ պատկան մարմինները ոչինչ չեն անում այն բացելու համար:




























