Միլանի Ֆրանկո Պարենի թատրոնում անցնելու են մի շարք դասախոսություններ «Ճգնաժամ Եվրոպայում ու մեր ժամանակների բարեպաշտները» թեմայով, գրում է հայկական ծագումով իտալացի գրող Պյետրո Կուչուկյանը Gariw կայքում։ Հոդվածում ասվում է․

«Առաջին դասախոսությունը նվիրված է լինելու ցեղասպանությունների կանխարգելմանը։ Այս թեմայով կխոսեն պատմաբան Մարսելո Ֆլորեսը, ֆրանսիացի փիլիսոփայության պրոֆեսոր Ժերար Մալխասյանը ու իսրալեյցի պատմաբան, Հոլոքոսթի հետազոտող Յաիր Օրոնը։

Իր վերջին՝ «Փրկիչները ու մարտիկները» գրքում նա խոսել է հայերի մասին, որոնք փրկել են հրեաներին։ Այդ հայերից են եղել նաեւ Շարլ Ազնավուրի ընտանիքը, որը նացիստական օկուպացման տարիներին իր տանը շատ հրեաների է թաքցրել։ Գրքի գլխավոր գաղափարն է, թե ինչպես էին երկու հալածված ժողովուրդները օգնել իրար։ Պետք չէ վիճել, թե ում ցավն էր ավելի ուժեղ, պետք է խոսել այն մասին, թե ինչպես էին մարդիկ փրկում իրար; Նույնն էլ 1915-ին է եղել։ Ճնշող մեծամասնությունը անտարբեր էր մնում։ Բայց եղել են նաեւ մարդիկ՝ այդ թվում Պաղեստինում, որոնք օգնել են հայերին ու մարտահրավեր նետել նրանց ոչնչացնելու մտադրության դեմ։

Երբ 80-ականներին ԱՄՆ հայերը փորձեցին հասնել ԱՄՆ կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Իսրայելի կառավարությունը աջակցեց Թուրքիային։ Այն ժամանակ Յաիր Օրոնը դեմ հանդես եկավ։ Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչպես նման սարսափելի տարիներ վերապրած ժողովուրդը կարող է չպահպանել մյուս ժղովուրդների դեմ իրականացված հանցագործությունների հիշատակը։

Շարլ Ազնավուրի ծնողները , որոնք վերապրել էին Ցեղասպանությունը, սկսել էին նոր կյանք Ֆրանսիայում։ Նրա հորը տարել էին բանակ, նա գերեվարվել էր։ Այնտեղից փախել էր ու Փարիզ վերադարձել։ 1940-1945 թթ․ նա իր տանը թաքցրել է հրեաների, չնայած շատ մեծ ռիսկի էր դիմում, քանի որ ոստիկանությունն ու Գեստապոն խուզարկություններ էին անցկացնում։ Նման մարդկանց մեծ մասը սովորաբար չի կարծում, թե ինչ-որ արտառոց բան է արել։ Նրանց թվում է, թե ցանկացած ոք նույն կերպ կվարվեր, շեշտել է Օրոնը։

Իր նոր գրքում պատմաբանը պատմել է նաեւ ֆրանսիական Դիմադրությունում հայերի դերակատարման, այդ թվում Միսակ Մանուշյանի խմբի մասին (որում շատ հրեաներ են եղել-խմբ)։

Օրոնը գրում է նաեւ այն մասին, թե ինչպես էին Բուխարեստում հրեա երեխաներին փրկել հայ հոգեւորականները ։

Նա վստահ է, որ Եվրոպայում հայերը, եթե համեմատենք նրանց թվաքանակով, ավելի շատ հրեաների են փրկել քան որեւէ այլ ժողովուրդ։

Պրոֆեսորը չի հավատում, որ Իսրայելի քնեսեթը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Պատճառները ՝ Շոայի բացառիկության գիտակցությունն է ու Թուրքիայի հետ միությունը։ Ժխտելով Հայոց ցեղասպանությունը՝ Իսրայելը դավաճանում է պատմական հիշողոոությանը, հետեւաբար նաեւ Հոլոքոստի մասին հիշողությանը, շեշտում է նա։

2007-ին Յաիր Օրոնը Իսրայելում բացել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության դասընթացներ։ Առաջին տարին ընդամենը 8 ուսանող է գրանցվել։ Այսօր նրանց թիվը 2500 է, չնայած նա չէր պահանջել, որ այդ առարկան պարտադիր դարձնեն։ Հիմա նրանք ուսումնասիրում են նաեւ մյուս ժողովուրդների դեմ ցեղասպանությունները, այդ թվում Ռուանդայում իրականացվածը»։