26-ամյա Քրիստինե Արզումանյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել 44–ամյա տաքսիստին։

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ հունվարի 13-ին Երեւանի բնակչուհուց ահազանգ է ստացվել առ այն, որ ընկերուհին` 27–ամյա Քրիստինե Արզումանյանը, դեկտեմբերի 27-ին երեկոյան տուն վերադառնալու նպատակով Բագրատունյաց պողոտայում գտնվող սուպերմարկետի մոտից նստել է տաքսի ավտոմեքենա, սակայն տուն չի վերադարձել եւ մինչ օրս նրանից որեւէ տեղեկություն չունի:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի մի շարք հանգամանքներ, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը, հանցագործության վայրը:

Նախաքննությամբ պարզվել է այն տաքսի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, որի ծառայությունից տուժողն օգտվել է դեկտեմբերի 27-ին։

Փաստական տվյալների համաձայն՝ տուժողը նրա ծառայություններից հաճախակի է օգտվել եւ դեպքի օրը խնդրել է իրեն փոխադրել Սիսիան։  Ճանապարհին՝ ավտոմեքենայի մեջ,  գումարային հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի  ժամանակ տղամարդը ձեռքերով 2-3 անգամ հարվածներ է հասցրել աղջկա  դեմքին, այնուհետեւ՝ մի քանի րոպե ուժեղ սեղմել Ք.Արզումանյանի պարանոցի առաջային հատվածը եւ խեղդելով շնչահեղձ է արել՝ ապօրինաբար նրան զրկելով կյանքից, որից հետո դիակը գցել է Արարատի մարզի Երասխավան գյուղի օղակաձեւ խաչմերուկին կից ձորակը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Գ.Եղիազարյանին հունվարի 22-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, քննիչը միջնորդություն է ներկայացրել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։