Հազարավոր մարդիկ մասնակցել են աբորտների դեմ ամենամյա բողոքի երթին Վաշինգտոնում, հաղորդում է BBC–ի ռուսական ծառայությունը։
44-րդ «Կյանքի երթը» սատարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ցուցարարների առջեւ ելույթ է ունեցել նորանշանակ փոխնախագահ Մայք Փենսը։
«Կյանքի երթը» չափազանց կարեւոր է բոլոր նրանց համար, ով մասնակցում է երթին՝ դուք ունեք իմ աջակցությունը», – թվիթերյան իր պաշտոնական էջում գրել է նախագահ Թրամփը։
Իսկ փոխնախագահ Փենսը իր ելույթում շեշտել է, որ աբորտների դեմ բողոքի շարժման համար «պահը պատմական է»։ «Կյանքը նորից հաղթում է Միացյալ Նահանգներում։ Դա երեւում է նրանից, որ կյանքի օգտին հանդես եկողների մեծամասնությունը ընտրվել է Միացյալ Նահանգների Կոնգրես», – հայտարարել է Մայք Փենսը։



























