Մեծ բրիտանիայի եւ Չինաստանի գիտնականներից կազմված միջազգային խումբը  հայտնաբերել է բոլոր կենդանիների, այդ թվում՝ մարդու մինչ այժմ հայտնի ամենահին նախնիին, որն ապրել է 540 մլն տարի առաջ եւ կոչվել է Saccorhytus coronaries: Գտածոյի մասին հոդվածը հրապարակվել է Nature-ում: 

Կենդանին հայտնաբերվել է Չինաստանի կենտրոնական հատվածում՝ Շենսի գավառում, Քեմբրիի ժամանակաշրջանի նստվածքներում: Այն էլիպսաձեւ համաչափ մարմին եւ մեծ բերան է ունեցել: Գիտնականների կարծիքով՝ օրգանիզմը դասվել է պարզունակ Deuterostomia կարգին, որոնց խմբին պատկանող կենդանիների սաղմնային զարգացման ժամանակ նախ հետանցքն է առաջանում, նոր միայն՝ բերանը:

Saccorhytus-ը մի քանի միլիմետր երկարության է հասել, բնակվել է հնագույն ծովի հատակի ավազներում, որը Քեմբրիի ժամանակաշրջանում գտնվել է Կենտրոնական Չինաստանում: Կենդանին ծածկված էր նաեւ հյուսվածքների շերտով, որը կարող էր մկանային լինել: Այդ դեպքում նա կարող էր կծկումներ կատարել եւ այդկերպ տեղաշարժվել

Հայտնաբերված հնագույն Deuterostomia-ների մեծ մասի տարիքը հասնում է ընդամենը 510-520 մլն տարվա: Այդ ժամանակ նրանց էվոլյուցիան զարգացել է ոչ միայն մինչեւ պարկակերպեր, փշամորթեր, աղիներով շնչողներ, այլեւ ողնաշարավորներ: