Միչիգանի եւ Քալիֆորնիայի համալսարանների գիտնականներին հետաքրքրել է, թե արդյոք սոցցանցերը սոցիալական աջակցության աղբյուր են: Նրանք վերլուծել են վերջին 10 տարիներին այս թեմայով իրականացված հետազոտությունների տվյալները, հայտնում է The Hindustan Times-ը:
Հետազոտությամբ պարզվել է, որ սոցիալական աջակցությունը եղել է Facebook-ից օգտվելու հիմնական պատճառը: Իսկ Twitter-ից մարդիկ օգտվել են նոր գիտելիքներ կամ խորհուրդ ստանալու նպատակով:
Ի դեպ, նախկինում հետազոտողները պարզել են, թե ինչու են մարդիկ սոցցանցերից օգտվում աշխատանքային ժամերին: Նրանք հարցում են անցկացրել ԱՄՆ բնակիչների շրջանում, որոնք աշխատել են լրիվ եւ պակաս աշխատանքային օր:
Հարցման արդյունքների համաձայն՝ գրեթե 34 տոկոսը սոցցանցերից օգտվել է աշխատանքից հանգստանալու համար: 27 տոկոսը շփվել է ընկերների կամ ընտանիքի անդամների հետ: 24 տոկոսը՝ մասնագիտական կապերը պահպանելու համար, իսկ 20 տոկոսը աշխատանքի մասին տեղեկություն է փնտրել: Հարցվածների 17 տոկոսը սոցցանցերի օգնությամբ փորձել է կառուցել կամ ամրապնդել գործընկերների հետ կապերը:




























