Ինդոնեզիայի ուլեմների խորհուրդը ծրագրում է մոտ ժամանակներս հրատարակել ֆեթվա՝ կեղծ նորությունների տարածման դեմ, հայտնում է Reuters–ը։
«Մենք կթողարկենք այն հնարավորինս շուտ, քանի որ իրավիճակը վախեցնող է,- բացատրեց խորհրդի նախագահ Մաարուֆ Ամինը,- Հույս ունենք, որ համենայն դեպս մուսուլմանները այլեւս կեղծ նորություններ չեն տարածի»։
Ուլեմների խորհուրդն ընդհանուր առմամբ չափավոր դիրքորոշում ունի։ Նրա որոշումները իրավաբանորեն պարտադիր են, բայց որպես կանոն մուսուլմանների կողմից ընկալվում են որպես պարտադիր։
Ֆեթվայի հրապարակման պատճառը դարձել է երկրի մայրաքաղաք Ջակարտայի նահանգապետ քրիստոնյա Բասուկի Տջախաջի Պուրնամայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նրա դեմ զանգվածային բողոքները արդեն երեք ամիս է շարունակվում են։ Դժգոհության պատճառ էր դարձել այն, որ սոցցանցերում հայտնվել էր մի անմեղ բովանդակության տեսահոլովակ, որը նահանգապետի անհայտ ընդդիմախոսներն էին պատրաստել, հավելելով կեղծ մեղադրանքներ պարունակող սուբտիտրեր։ Դա բավական էր ամբոխի զայրույթն առաջացնելու համար։
Կրքերը հանդարտեցնելու նախագահ Ջոկո Վիդոդոյի բոլոր փորձերը ոչ մի արդյունք չէին տվել։ Նա խնդրել էր սոցցանցերի օգտատերերին չտարածել սխալ տեղեկություններ։




























