Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընտրական գործընթացը, ինչպես նաեւ համապետական եւ տարածքային ընտրական ցուցակներով մանդատների բաշխման մանրամասներն ու նրբությունները:
Մանդատների հաշվարկը` մի քանի քայլով
Առաջին քայլով հաշվարկվում է յուրաքանչյուր կուսակցության ստացած քվեների քանակը, որից հետո որոշվում է` տվյալ կուսակցությունը հաղթահարել է կուսակցությունների համար 5 տոկոս եւ դաշինքների համար 7 տոկոսը:
Երկրորդ քայլով որոշվում են այն կուսակցությունները, որոնք համապատասխանաբար ստացել են կուսակցությունների համար 5 տոկոս եւ դաշինքների համար 7 տոկոս եւ ավելի ձայներ: Երրորդ քայլով որոշվում է, թե քանի մանդատ է հասնում տվյալ կուսակցությանը կամ դաշինքին իր ստացած ձայներին համապատասխան: Սա արվում է սովորական բանաձեւով. համամասնորեն իրենց ստացած ձայներին բաշխվում է մանդատների համապատասխան քանակ: Եթե մնացորդներ են առաջանում, ապա հարցը լուծվում է մեծ մնացորդի կանոնով, այսինքն եթե բաշխումից հետո մնում են որոշակի մանդատներ, ապա ըստ մնացորդների մեծության` տրվում են համապատասխան կուսակցություններին:
Ստացած մանդատների բաշխումը համապետական եւ տարածքային ընտրական ցուցակների միջեւ
Կուսակցության կամ դաշինքի որոշված մանդատների կեսը բաշխվում է համապետական ցուցակներում առկա թեկնածուների միջեւ, մյուս կեսը` տարածքային ցուցակների: Եթե կենտ թիվ կա, այդ մեկ մանդատը տրվում է համապետական ցուցակին: Օրինակ, կուսակցությունը պայմանականորեն ստացել է 40 մանդատ, որից կեսը` համապետական ցուցակինն է, մնացածը` տարածքայինին: Համապետական ընտրական ցուցակներով մանդատը բաշխվում է սովորական ձեւով:
Տարածքային ընտրական ցուցակներով մանդատների բաշխման նրբությունները
Երբ արդեն որոշվում է, թե համապատասխանաբար յուրաքանչյուր տարածքից որքան մանդատ է ստանում տվյալ կուսակցությունը, սկսվում է մանդատների բաշխման գործընթացը: Մենք ունենք 13 ընտրական տարածք, առաջին մանդատը տրվում է այն տարածքին, որտեղից տվյալ կուսակցությունը ստացել է առավելագույն քվեներ: Այնուհետեւ կիրառվում է բանաձեւ, որից հետո այդ թիվը բաժանվում է սկզբում երկուսի, հետո երեքի եւ այդպես շարունակ, որից հետո արդեն պարզ է դառնում, թե որ տարածքում որքան մանդատ պետք է ստանա տվյալ կուսակցությունը:
Ռեյտինգային եւ համամասնական ընտրակարգերի տարբերությունները
Ռեյտինգային ընտրակարգի դեպքում կարեւոր է թեկնածուների ստացած քվեներն ու դրանցով են որոշակի որոշումներ կայացվում, իսկ Հայաստանում ռեյտինգային չէ: Մեզ մոտ կարելի է ասել` համամասնական ընտրակարգ է իր առանձնահատկություններով, որտեղ առաջին հերթին կարեւոր է կուսակցությունների ստացած ձայները, որից հետո միայն թեկնածուներինը:
Ենթադրենք, պայմանականորեն թեկնածուն ստացել է բավականին շատ քվեներ, բայց ամբողջ Հանրապետությունում այդ կուսակցության ձայները խիստ նվազ են, բնականաբար, առաջնայինը դառնում է տվյալ կուսակցության ստացած ձայներով որոշել այդ կուսակցության մանդատները: Հնարավոր է իրավիճակ, որ մեկ թեկնածուն ստացել է ավելի շատ ձայներ, քան մեկ այլ կուսակցության տասը թեկնածու, որոնք առանձին- առանձին քիչ են ստացել, բայց միասնաբար ավելի շատ են ստացել: Տվյալ պարագայում հնարավոր է, որ երկրորդ կուսակցությունը ստանա մանդատ: Սա նորմալ է, որովհետեւ մենք խոսում ենք համամասնական համակարգի, ոչ թե ռեյտինգայինի մասին:
4 մանդատ ազգային փոքրամասնություններին
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին տրվելու է 4 մանդատ, որոնք ընդգրկված են լինելու համապետական ցուցակների երկրորդ մասում: Սա նույնպես տրվում է ըստ կուսակցությունների ստացած ձայների մեծության:



























