ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը (ՀՀԿ) եւ Հեղինե Բիշարյանը (ՕԵԿ) այսօր՝ փետրվարի 7-ին, Ազգային ժողովի միջանցքում վրդովված պարզաբանում էին, թե  ինչու են առաջադրվել միեւնույն ընտրական տարածքում:

Նշենք, որ երկուսն էլ մտադիր են առաջադրվել Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող ընտրական տարածքում:

«Ես արդեն երեք անգամ Շենգավիթում առաջադրված թեկնածու եմ: Դո՞ւ ինձ պիտի ասես` առաջադրվե՞մ, թե՞ չէ, դո՞ւ ինձ պիտի խանգարես»,- Ալեքսանյանին է դիմել Բիշարյանը:

Նա նշել է, որ Սամվել Ալեքսանյանի դեմ չի առաջադրվել եւ որեւէ մեղք չունի, որ նոր Ընտրական օրենսգրքով ընտրական տարածքները ընդլայնվել են եւ Ալեքսանյանի ընտրական տարածքը հայտնվել է դրա մեջ: Բիշարյանը շեշտում էր, որ մշտապես առաջադրվել է Շենգավիթ համայնքից եւ ոչինչ չունի Ալեքսանյանի դեմ:

«Ոչ ես եմ իր դեմ առաջադրվել, ոչ էլ Ալեքսանյանը՝ իմ դեմ»,-ասաց Բիշարյանը:

NEWS.am-ի հարցին, թե Հեղինե Բիշարյանը համարվում է ռիսկային  մրցակից, Ալեքսանյանը պատասխանեց.«Ես 150 մրցակից ունեմ մեր մոտ, մենակ Բիշարյանը չի»:

Հիշեցնենք, որ նախօրեին լրագրողները Սամվել Ալեքսանյանին հարցրել էին, թե ինչպես է առաջադրվում այն նույն ընտրական տարածքում, որտեղ իր «քույրը»` Հեղինե Բիշարյանն է առաջադրվելու, նա հակադարձել էր, թե «իմ քուրը թող իմ դեմ չդնի»: