Գերմանիայի երեք դաշնային հողերում ռեյխսբյուրգերների 15 բնակարաններում խուզարկություններ են իրականացվել։ 16 մարդու կասկածում են գոյություն չունեցող պետության փաստաթղթեր ստեղծելու ու վաճառելու մեջ, հայտնում է DW-ը։

«Ռեյխսբյուրգերները» հերքում են Գերմանիայի սահմանադրության, գործադիր իշխանության մարմինների ու դատարանների օրինականությունը։ Նրանք թողարկում ու գումարի դիմաց բաժանում են ինքնահռչակ «Բավարիայի ֆեդերատիվ պետության» ու այլ գոյություն չունեցող պետությունների «փաստաթղթեր», նաեւ զանգվածաբար վիճարկում պաշտոնական գերատեսչությունների բոլոր ծանուցագրերը։

Հատուկ գործողությանը մասնակցել է ավելի քան 250 ոստիկան, այդ թվում հատուկ նշանակության ջոկատայինները։ Ոստիկանությունը ռեյդի անցկացումը բացատրել է ռեյխսբյուրգերների կողմից ագրեսիայի հավանականությամբ։ Դրանից մի քանի ամիս առաջ այդ շարժման ներկայացուցիչներից մեկը սպանել էր մի ոստիկանի։

Ռեյսխբյուրգերները աջ արմատական շարժում է, որը ստեղծվել է Գերմանիայում 1980-ականներին։ Դրա կողմնակիցները համարում են, որ Գերմանիան առայսօր օկուպացված է արեւմտյան դաշնակիցների կողմից։ Նրանք չեն ճանաչում Գերմանիայի դաշնային հանրապետությունը որպես պետություն ու վստահ են, որ առայսօր գոյություն ունի գերմանական ռեյխը՝ 1937-ի սահմաններում։ Իսկ «ռեյսխբյուրգեր» անվանումը թարգմանաբար նշանակում է «ռեյխի քաղաքացիներ»։