Կոտայքի մարզում փետրվարի 5-ին խոշոր ավտովթարից հետո բեռնատարներից մեկի վարորդին ծեծի ենթարկողներից մեկը ոստիկան է, հաղորդում է Shamshyan.com-ը:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզում, փետրվարի 5-ին, ժամը 21:40-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ «Հանդիպում» ռեստորանային համալիրի մոտ, BMW մակնիշի 33 UP 910 համարանիշի ավտոմեքենան բախվել է Scania մակնիշի FCF 474 վրացական համարնիշի խոշոր բեռնատարին, այնուհետեւ Volvo մակնիշի LAD 200 վրացական համարանիշի մեկ այլ խոշեր բեռնատարի: Վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն այնուհետեւ Երեւանի հիվանդանոցներից մեկը: Վթարից հետո BMW-ի ուղեւորները ծեծի են ենթարկել խոշոր բեռնատարի վարորդին:

Աղբյուրի փոխանցմամբ, պարզվել է, որ BMW մակնիշի ավտոմեքենան վարել է Արամուս գյուղի բնակիչ, 31-ամյա Խորեն Ա.-ն, Volvo LAD 202 համարանիշի բեռնատարը՝ Վրաստանի քաղաքացի, 46-ամյա Աֆթանդիլ Կ.-ն, իսկ Scania FCF 474 համարանիշի բեռնատարը վարել է Վրաստանի քաղաքացի, 64-ամյա Գենադի Ա.-ն:

Վթարի հետեւանքով BMW-ի ուղեւորներ՝ 8-ամյա Գոհար Ա.-ն, 27-ամյա Հերմինե Ա.-ն եւ 34-ամյա Գարեգին Ա.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աբովյանի բժշկական կենտրոն։

Աղբյուրի փոխանցմամբ, BMW-ի վարորդ Խորեն Ա.-ն աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնում, կոչումով ոստիկանության ավագ սերժանտ է։

Նախապատրաստված նյութերը, հնարավոր է, փոխանցվեն Հայաստանի հատուկ քննչական ծառայություն։