Անվտանգության հարցերով Ֆրանսիական ազգային գիտախորհրդատվական խորհուրդը համարում է, որ գենոմների սինթեզի հարցում առաջընթացը կարող է ծառայել ռազմատենչ մտադրությունների, գրում է Le Monde–ը։

«Ընդամենը մեկ տարի առաջ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը գենոմի խմբագրման նոր միջոցները դասեց «զանգվածային ոչնչացման զենքերի» շարքին։ ԴՆԹ խմբագրման Crispr-Cas9 տեխնոլոգիան, եթե նույնիսկ չի հիշատակվել միջազգային սպառնալիքների մասին ամենամյա զեկույցում, բայցեւայնպես հաստատ դրա ուշադրության կենտրոնում է եղել։ Այդ տեխնոլոգիան, լինելով վիրուսների դեմ բակտերիաների պաշտպանական մեխանիզմի հետեւանք, իր բացահայտման պահից սկսած՝ 2012-ից տարածվել է գրեթե բոլոր բժշկական կենսաբանական լաբորատորիաների վրա, որտեղ այն գործածվում է գեների ապաակտիվացման ու փոփոխության համար՝ արագ ու քիչ ծախսերով»,- ասվում է հոդվածում։

«Իրո՞ք Crispr-Cas9 տեխնոլոգիան, հայտնվելով չարագործների ձեռքերում, կարող է դառնալ զանգվածային ոչնչացման զենք։ Ֆրանսիայի անվտանգության հարցերով գիտախորհրդատվական խորհուրդը (CNCB) այդ կարծիքին չէ։ Բայցեւայնպես CNCB- ը անհանգստանում է, որ կենսաբանական սինթեզի ոլորտում առաջընթացը թույլ կտա վերարտադրել գենոմներ, ինչը հնարավոր կդարձնի զրոյից վերստեղծել միկրոօրգանիզմներ, որոնք արդեն գոյություն ունեն բնության մեջ, մասնավորապես վիրուսներ»

«Կարելի է այս կապակցությամբ բազմաթիվ պատասխան միջոցառումներ ձեռնարկել։ Նախաձեռնություններից մեկն է միջազգային կոնսորցիումի ստեղծումը, որը միավորում է գենոմային սինթեզի ոլորտում աշխատող ընկերությունների 80 տոկոսը, դրանք պարբերաբար հսկողություն են իրականացնում, որպեսզի պատվերները չպարունակեն տարրեր, որոնք թույլ են տալիս վերարտադրել հիվանդության բակտերիալ հարուցիչները ։ Բայց շուկայի մյուս 20 տոկոսը բաց է մնում նման չարաշահումների համար»։

Ֆիլիպ Մարլյերը, կենսաբանական սինթեզի հարցերով մասնագետը, կասկածում է նման արգելքների ու միջոցառումների արդյունավետությանը։ « ԴՆԹ սեգմենտների պատրաստումը հնարավոր է առանց սինթեզատորների,- ասում է նա,- Կիմ Չեն Ընը, օրինակ, կարող է լաբորանտների գաղտնի բանակին հրամայել մեկ տարում ստեղծել ՄԻԱՎ վիրուսի «հակաիմպերիալիստական» տարբերակի ամբողջական սինթեզը»։

«Անձամբ ես, -վստահեցնում է միկրոկենսաբան Անտուան Դանշենը,- վստահ եմ, որ ամբողջ ճշմարտությունն ասելը ճիշտ չէ։ Եթե հայտնաբերում ես տեխնոլոգիա, որը կարող է չարաշահումների պատճառ դառնալ, ապա որոշակի ինքնագրաքննությունը անհրաժեշտություն է դառնում»։