Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը համարում է, որ իր իրավասությունների շրջանակում չէ Արտաշատի պոլիկլինիկայի փոխտնօրեն Սերինե Հայրապետյանին անօրինական աշխատանքից հեռացնելու հարցը:
Նշենք, որ Սերինե Հայրապետյանը երեկ NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն իրեն հեռացրել է` պատճառաբանելով, որ զբաղվում է ընտրությունների հակաքարոզչությամբ:
«Տեղյակ չեմ` ինչի մասին է խոսքը: Ես դեռ չեմ կարդացել, կկարդամ կծանոթանամ»,-ասաց նախարարը:
Հարցին` խնդրին ծանոթանալուց հետո որեւէ քայլ կձեռնարկի՞, առողջապահության նախարարը պատասխանեց. «Դա իմ իրավասություններից դուրս է, մարզերի բժշկակական կլինիկաները պատկանում են մարզպետարանին»:
Ավելի վաղ գրել էինք, որ Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը փետրվարի 8-ին աշխատանքից ազատել է Արտաշատի պոլիկլինիկայի փոխտնօրեն Սերինե Հայրապետյանին:
NEWS.am-ի հետ զրույցում Սերինե Հայրապետյանը նշել էր, որ մարզպետն իր այդ քայլը հետեւյալ կերպ է մեկնաբանել` «հակաքարոզչությամբ ես զբաղվում»:
«Ես անկուսակցական եմ, քաղաքական ոչ մի հայացք չունեմ ես: Ես իմ աշխատանքով եմ զբաղվում եւ մեկ էլ այսօր հրավեր եմ ստանում մարզպետից: Գնացել եմ, ինքն ինձ ասում է` հակաքարոզչությամբ եք զբաղվում, աշխատանքից ազատված եք, քանի որ պոլիկլինիկայից բողոք- դիմում ենք ստացել, որ դուք հակաքարոզչությամբ եք զբաղվում: Խնդրեցի, որ ինձ տրամադրեն այդ բողոքը, սակայն չտվեց ու ասաց, որ աշխատանքից ազատված եմ»,- պատմել էր Սերինե Հայրապետյանը:




























