ԱՄՆ-ին արտահանձնված մեքսիկացի թմրաբարոն, «Սինաոլա» թմրակարտելի ղեկավար, «Գաճաճ» մականունով Խոակին Գուսման Լոերայի որդիները հայտարարել են, որ վիրավորվել են մեկ այլ թմրակարտելի անդամի հարձակման հետեւանքով, հայտնում է Associated Press-ը:
Այս մասին նամակը թմրաբարոնի որդիներն ուղարկել են լրագրող Սիրո Գոմես Լայվային: Հարձակումն իբր շաբաթ է կատարվել, որի ընթացքում եղել են կարտելի ղեկավարներից մեկի կողքին: Նրանց խոսքով՝ հարձակումը կատարել է հանցավոր միավորման առաջնորդությունը վիճարկել փորձող մեկ ուրիշ խմբավորման անդամ Դամասո Լոպեսը:
Գաճաճի փաստաբանը հաստատել է, որ թմրաբարոնի որդիներն իսկապես այդպիսի նամակ գրել են:
Թմրաբարոնը ԱՄՆ իշխանություններին է հանձնվել հունվարի 19-ին: Նրա դեմ մեղադրանքներ են առաջադրված մի քանի նահանգներում՝ կապված ԱՄՆ կոկաին մատակարարելու, ապօրինի զենք կրելու եւ սպանություններ կազմակերպելու հետ:




























