ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել` քննարկելու ընթացիկ տարում գյուղոլորտում ներդրումային  ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Աշոտ Հարությունյանը, Արմեն Հարությունյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը:

«Ամփոփելով կատարված աշխատանքները` կարող ենք արձանագրել, որ 2017 թվականին գյուղատնտեսության ոլորտում ընդհանուր առմամբ իրականացվելու է շուրջ 120 մլն դոլարին համարժեք դրամի ծրագրեր, ներառյալ այն 60 մլն դոլարը, որի վերաբերյալ օրերս հայտարարեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը: Ներդրումները կուղղվեն պահածոների գործարանի, սպանդանոցների կառուցմանը, ջերմատնային տնտեսությունների ընդլայնմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը, կոնյակի արտադրության վերազինմանը եւ այլ ոլորտների:  Սրան կավելանան նաեւ  մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնց շուրջ  այս պահին ինտենսիվ աշխատանքներ ենք տանում»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարը հանձնարարել է պատասխանատուներին  վերահսկողություն սահմանել իրենց համակարգման ներքո գտնվող ծրագրերի իրականացման նկատմամբ, ընթացքում առաջացող խնդիրներին լուծումներ տալ, կատարված ծրագրերի շուրջ իրազեկում ապահովել՝   խրախուսելու հավելյալ ներդրումների ներհոսքը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գյուղոլորտի զարգացմանն ուղղված մի շարք այլ հարցեր եւս, պատասխանատուներին տրվել են համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ: