«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Սամվել Բաբայանն, ըստ էության, չհերքեց, որ մասնակցել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի ցուցակի ստեղծմանը, ինչպես որ դա պնդում է դաշինքից դուրս եկած Վիկտոր Դալլաքյանը: «Լավ եմ անում, լավ եմ անում… պրոբլեմ ո՞վ ունի, ասեք՝ պատասխանեմ: Վատ բան հո չե՞մ անում, որ էս երկիրը փրկվի»,- tert.am-ին ասել է Բաբայանը: Եթե մի կողմ թողնենք այդ պատասխանի զուտ «տղայական» բաղադրիչը եւ այն «կանխավարկածը», թե իբր որեւէ ցուցակ կազմելով հնարավոր է «էս երկիրը փրկել», ապա կմնա այն սկզբունքը, որով կազմվում է «դաշինքների» ցուցակը: Չակերտավոր «դաշինքների», որովհետեւ եթե կան «լոկոմոտիվ» եւ «դատարկ վագոններ», ապա դա արդեն դաշինք չէ:
Այն սկզբունքը, որը ՕՐՕ դաշինքի համար առաջարկում է Սամվել Բաբայանը կամ՝ ով էլ լինի, այդ սկզբունքն, իմ կարծիքով, ճիշտ է: Պատկերացրեք կուսակցություններ, որտեղ կա 2,5 մարդ, բայց որոնք ունեն կնիք, այսինքն՝ գրանցված են արդարադատության նախարարությունում: Նման կուսակցության ղեկավարը 5 տարին մեկ արթնանում է եւ հայտարարում՝ ես միանում եմ այս դաշինքին կամ այն դաշինքին: Որպես հիմնավորում նա դարձյալ բերում է «երկիրը փրկելը», բայց մտքում պատգամավոր դառնալու կրքոտ ցանկությունն է: Եվ ահա 2,5 հոգանոց կուսակցության ղեկավարը գալիս է մեծ, «անցողիկ» կուսակցության շեֆի մոտ եւ ասում. «Ես քեզ հետ դաշինք եմ կազմում, եւ քանի որ ես կուսակցության ղեկավար եմ, դու պետք է ինձ դնես առաջին 5-յակում՝ ինձ նման կուսակցապետերի կողքին: Ավելին՝ ընտրություններից հետո դու պետք է ինձ պաշտոն տաս գործադիրում»:
Ի՞նչ պիտի ասի «անցողիկ» կուսակցության ղեկավարը: Նրա առաջին ցանկությունն է, իհարկե, ուղարկել նման «դաշնակցի» որեւէ հեռավոր վայր: Բայց…
Բայց չէ՞ որ նա հայտարարել է, որ համախմբման, կոնսոլիդացիայի, լայն դաշինքի կողմնակից է: Հետեւաբար նա ասում է՝ «կմտածենք, կբանակցենք»: «2,5 հոգանոցը» փքվում է հպարտությունից, աջ ու ձախ հարցազրույցներ է տալիս, թե նա «քաղաքական կոնսուլտացիաների» մեջ է, «հստակեցնում է գաղափարական հիմքերը» եւ այլն: Բայց այդ ընթացքում դժգոհում են անցողիկ կուսակցության անդամները՝ ուրեմն դու, սիրելի շեֆ, մեզ բրախո՞ւմ ես հանուն ինչ-որ անհասկանալի լայն կոնսոլիդացիայի: Եվ «շեֆն», ի վերջո, հասկանում է, որ կողքի մարդիկ իրավացի են, ու հասարակ պրագմատիզմը հուշում է՝ անհիմն հավակնություններ ունեցողներին իսկապես պետք է «ուղարկել»:
Ահա թե ինչու ես կարծում եմ, որ ՕՐՕ-ի ցուցակի առաջին տասնյակում իսկապես պետք է հիմնականում լինեն «Համախմբում» կուսակցության անդամները՝ բացի Սեյրան Օհանյանից, Րաֆֆի Հովհաննիսյանից եւ Արմեն Մարտիրոսյանից, որոնք ինքնին հայտնի մարդիկ են: Ճիշտ նույն տրամաբանությամբ, «Ծառուկյան» դաշինքի կազմի առաջին 20-25-յակում պետք է լինեն հիմնականում ԲՀԿ-ականները:
Ինչո՞ւ եմ մի դեպքում խոսում 10, իսկ մյուս դեպքում՝ 20-25 հոգու մասին: Որովհետեւ դրանք են այդ դաշինքների «լիմիտները»: Գուցե կուսակցականները նեղվեն իմ ասածից: Բայց ո՞վ, եթե ոչ բարեկամը, պիտի ասի ճշմարտությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



























